Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական պատվերի ձևավորման սկզբունքները փոխվում են․ ԿԳՄՍՆ

Պետական պատվերի ձևավորման սկզբունքները փոխվում են․ ԿԳՄՍՆ
Գիտություն
13:24, 09 сентябрь 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարությանը ենթակա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Քննարկվել են քոլեջների և ուսումնարանների 2021-22 ուսումնական տարվա ընդունելության հիմնական ցուցանիշները,  նոր ուսումնական տարվա մեկնարկին և կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Բացման խոսքում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին` նշելով, որ ուսումնական գործընթացը նախորդ տարի կազմակերպվել է համավարակի և պատերազմի պայմաններում, ինչը լրացուցիչ ջանքեր, դժվարություններ և բարձր պատասխանատվություն է պահանջել ուսումնական հաստատություններից:

Քոլեջներում և ուսումնարաններում ուսանողների 60 տոկոսը սովորում է անվճար

Ներկայացնելով ընդունելության արդյունքները` նախարարի տեղակալը նշել է, որ այս տարի քոլեջներ և ուսումնարաններ են ընդունվել 12160 դիմորդներ, որոնցից 9501-ը` միջին մասնագիտական, 3109-ը` նախնական արհեստագործական կրթական ծրագրերով: Փաստելով, որ արդյունքները նախորդ տարիների ցուցանիշներից հիմնականում չեն տարբերվում, փոխնախարարը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ թափուր են մնացել շուրջ 1200 տեղեր: Քոլեջ և ուսումնարան ընդունվածների շուրջ 60 տոկոսը սովորում է պետական պատվերով` անվճար:

Կրթությունն անվճար լինել չի կարող

«Կրթությունն անվճար լինել չի կարող. այս դեպքում սովորողի կրթության համար վճարում է պետությունը` պետական բյուջեի հաշվին, և այս հանգամանքը կրթության գործի կազմակերպիչներիս պատասխանատվության չափաբաժինը մեծացնում է: Մենք պետք է կարողանանք ճիշտ ձևակերպել պետական ֆինանսավորմամբ կրթության կարիքները: Պետք է հստակեցնել, թե որ մասնագիտություններով ենք ուզում պատրաստել մասնագետներ, որոնք հետագայում կհամալրեն տնտեսության կարիքները և կմտնեն աշխատաշուկա: Այս ասպարեզում ունենք շատ լուրջ անելիքներ:

Մասնագիտությունների ընդհանուր պատկերի դիտարկումը ցույց է տալիս, որ տնտեսության մեջ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները շարունակում են թափուր մնալ, փոխարենը մրցակցային են առանց այդ էլ հավելյալ թողարկում ունեցող մասնագիտությունները, որոնց կարիքը տնտեսության մեջ չկա կամ քիչ է: Մենք պետք է տարեցտարի վերանայենք պետական պատվերի քաղաքականությունը և փորձենք տեղերի բաշխման ժամանակ ավելի մեծ շեշտադրում կատարել պետության համար առաջնային նշանակության մասնագիտություններին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Պետական պատվերի ձևավորման սկզբունքները փոխվում են

Պետական պատվերի ձևավորման նպատակով յուրաքանչյուր հաստատության  հետ կքննարկվեն պետական պատվերի շրջանակում ներկայացվող տեղերի հայտերը` հաշվի առնելով վերջին տարիների ընդունելության արդյունքները, ըստ մասնագիտությունների առկա կադրային ռեսուրսը, նյութատեխնիկական հագեցվածությունը և այլ գործոններ:

Երբ 100 սովորող ունեցող հաստատությունն ունի 10 մասնագիտություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ պետպատվերի ձևավորման ժամանակ հաշվի են առնվելու տարածքային գործոնները` հիմք ընդունելով սկզբունքը, որ քոլեջներն ու ուսումնարանները պետք է լինեն ամենահասանելի կրթական օղակը:

«Մեր նպատակն է զարգացնել հատկապես մարզային ՄԿՈՒ հաստատությունները, որոնք մասնագիտական կրթություն են ապահովում տվյալ տարածքում` սպասարկելով կոնկրետ տարածքային աշխատաշուկան: Սա ենթադրում է որակյալ կրթության նվազագույն պայմանների առկայություն, որի ուղղությամբ համատեղ  լուրջ աշխատանք պետք է տանենք»,- ընդգծել է փոխնախարարը:

Նրա խոսքով` երբ մինչև 100 սովորող ունեցող ՄԿՈՒ հաստատությունը 10 մասնագիտություն ունի, պարզ է, որ այստեղ որակյալ կրթության մասին խոսք լինել չի կարող:

«Ավելի լավ է ունենալ 4-5 մասնագիտություն և ապահովել որակյալ ու մրցունակ մասնագիտական կարողություններ, իսկ մնացած մասնագիտությունների պահանջարկը  տարածքային սկզբունքով բաշխել: Այսինքն` եթե նույն տարածաշրջանում ունենք մի քանի հաստատություն, ապա պետք է հաշվի առնենք, թե որ հաստատությունը որ մասնագիտության ուղղությամբ ունի որակյալ կրթություն իրականացնելու ներուժ»,- խոսքն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը` շեշտելով, որ պետությունն ունի լավ մասնագետների պահանջ:

Նախարարի տեղակալը մտահոգիչ է համարել, որ ագրոմասնագիտությունները, տեխնոլոգիական զարգացման միտումներին համահունչ նոր ներդրվող մասնագիտություններին տրված տեղերը չեն համալրվում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխմանը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերաբաշխումներն արվել են միայն այն  մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա են համարվում, ինչպես նաև առաջնային պահանջարկ ունեն տվյալ տարածաշրջանում:

Մշակվում է պետական պատվերի ձևավորման մեթոդաբանություն

Նա նաև տեղեկացրել է, որ պետական պատվերի ձևավորման մեթոդաբանությունը մշակելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և այլ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Աշխատանքային քննարկումներն ընթանում են ՄԿՈՒ և բարձրագույն կրթության ոլորտների միասնական  վերլուծությամբ: Աշխատաշուկայի պահանջների գնահատման և մասնագիտական կրթության բարելավման առումով փոխնախարարը կարևորել է նաև գործատուների հետ կապերի ամրապնդումը:

Իրավական դաշտի փոփոխություններ


Խորհրդակցության ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններին ներկայացվել են նաև իրավական դաշտում արդեն կատարված և նախատեսվող փոփոխությունները:

Նախարարի տեղակալը տնօրեններին կոչ է արել լինել նախաձեռնող և նախատեսվող բոլոր նոր իրավական կարգավորումների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս ուսումնական տարվանից սկսած ուսումնարաններում արհեստագործական կրթական ծրագրերի համար կիրառվելու են էլեկտրոնային մատյաններ, իսկ քոլեջներում միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար դրանք կկիրառվեն գալիք տարվանից: 

Խորհրդակցության ընթացքում տնօրենները նախարարի տեղակալին հարցեր են ուղղել ընդունելության կարգի, համավարակի կանոններով պայմանավորված պատվաստումների և ՊՇՌ թեստերի, պետական պատվերով տեղերի վերաբաշխումների և այլնի վերաբերյալ:

Նշվել է նաև, որ ՄԿՈՒ հաստատությունները միջազգային կառույցների աջակցությամբ կստանան համավարակի կանխարգելման համար պահանջվող պաշտպանիչ միջոցներ և ախտահանող նյութեր:

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ