Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք
Գիտություն
19:44, 01 октябрь 2021
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք ֆակուլտետների գիտխորհուրդների ընդլայնված կազմերի հետ, որոնց ընթացքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների և ուսանողների հետ քննարկվում են ֆակուլտետի գործունեությունը, զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարները:

Այսօր մեկնարկած հանդիպումների շարքի շրջանակում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն այցելել է Տնտեսագիտության և կառավարման, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն:

Ֆակուլտետների գիտական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հ. Հովհաննիսյանն անդրադարձել է գիտահետազոտական աշխատանքներին, դրանց միջազգայնացմանն ուղղված աշխատանքներին, ընդունելության արդյունքներին, կրթական ծրագրերի բարելավմանն ու արտասահմանյան բուհերի հետ համագործակցության հնարավորություններին:

Հովհաննես Հովհաննիսյանը ֆակուլտետներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ փաստել է, որ իր ղեկավարության ընթացքում ԵՊՀ-ն որդեգրել է մարդակենտրոն մոտեցումների, ուսանողակենտրոն ուսուցման, պրոֆեսորադասախոսական կազմի տեղի և դերի վերարժևորման, կրթական միջավայրում բարեվարքության արմատավորման և համալսարանականի նկատմամբ մշտական հոգածության փիլիսոփայությունը։

Այցերի ընթացքում Հ. Հովհաննիսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք, բարձրաձայնելով իրենց մտահոգությունները, նաև ողջունել են ռեկտորի նախաձեռնությունը՝ փաստելով, որ ներկայացված վերլուծությունները շատ բովանդակային են, իսկ առաջարկված ծրագրերը՝ ողջունելի։