Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծրագիրը մեկնարկում ենք Սյունիքի մարզից. Կապան խոշորացված համայնքում կրթական ծրագրի համար 9 մլրդ դրամի ներդրում ենք կատարել. վարչապետ

«Մենք կառավարության ծրագրում և մեր նախընտրական ծրագրում մատնանշել ենք առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու անհրաժեշտությունը, և ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում չափազանց կարևոր է մեր նախընտրական խոստումը և Կառավարության ծրագրում արձանագրված դրույթը, որ 3-6 տարեկան երեխաների 85 տոկոսը պետք է ներգրավված լինի նախադպրոցական հաստատություններում, և կարևոր է որոշումներ կայացնել մեր այս ծրագրերի իրականացման բանաձևերի շուրջ»,- այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Եվ ես նոյեմբերի 4-ին ստորագրել եմ որոշում ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին»:

Նրա խոսքով՝ փաստացի ծրագիրը մեկնարկում է Սյունիքի մարզից: «Ամենակարևոր խնդիրը, որ մենք դրել ենք մեր առաջ, այն է, որ կրթությունը հասանելի լինի ՀՀ բոլոր երեխաներին և ունենա պատշաճ որակ, որպեսզի բացահայտի ՀՀ քաղաքացիների ամբողջ պոտենցիալը»:

Վարչապետը նշեց, որ կատարվել են շատ հետաքրքիր հետազոտություններ, որոնց վրա էլ հիմնված է աշխատանքը: Ըստ այդ հետազոտություններից մեկի՝ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կարող է բացահայտել իր պոտենցիալի 57 տոկոսը: «Տարրական դպրոցի ավարտին, այսօրվա պայմաններում, մեր աշակերտների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով կրթական այս ծրագրի ֆինանսական ահռելի միջոցների անհրաժեշտության մասին՝ վարչապետը նկատեց. «Միայն Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում կրթական ծրագրի համար 9 մլրդ դրամի ներդրում ենք կատարել»: