Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քիչ արագ տարվեցինք դրանով, գուցե մի քիչ շտապեցինք. Արցախի կրթության նախարարը՝ ռուսերենին կարգավիճակ տալու մասին

Մի քիչ արագ տարվեցինք դրանով, գուցե մի քիչ շտապեցինք. Արցախի կրթության նախարարը՝ ռուսերենին կարգավիճակ տալու մասին
Գիտություն
19:07, 07 март 2021
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության կրթությանգիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։

– Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնության հետ կապված: Որպես մշակույթի նախարար՝ դուք ի՞նչ կարծիք ունեք, վտանգներ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:
– Վտանգներ ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև այն չի կարող մտնել հատկապես Արցախի կրթության համակարգ:
– Այդուհանդերձ, մտահոգություններ էին հնչում նաև Արցախի պետական համալսարանից, մի խումբ դասախոսներ էին հայտնում այդ մտահոգությունները:
– Հիմա այստեղ իրողությունները լրիվ փոխված են: Հիմա իրականությունն այնպիսին է, որ ինչ-որ տեղ պարտադիր է ռուսերենը որպես պաշտոնական լեզու դիտարկելը, որովհետև մենք շփվում ենք, առնչվում ենք ռուսների հետ: Սկզբից, իհարկե, ինձ մոտ էլ ինքնապաշտպանական մեխանիզմը սկսեց գործել, միակ բանը, որին ես կողմ չեմ, այն է, որ մի քիչ արագ տարվեցինք դրանով: Գուցե մի քիչ շտապեցինք: Այդուհանդերձ, ռուսերենը պետական լեզու չի դառնում, պաշտոնական լեզու է, իսկ հայերենը Արցախի Սահմանադրության մեջ ամրագրված է որպես պետական լեզու: Այս նախագծով որպես պաշտոնական լեզու հայերենին ավելանում է ռուսերենը, որը, կարծում եմ՝ էական նշանակություն չի կարող ունենալ Արցախի լեզվական քաղաքականության համատեքստում:
– Պաշտոնական շփումներում որևէ դժվարություն կա՞, օրինակ, խաղաղապահների հետ, որ ստիպված են եղել նման նախաձեռնությամբ հանդես գալ:
– Պաշտոնական շփումներում մենք չենք կարող հայերեն շփվել: Հիմա ինտենսիվ նամակագրություն կա խաղաղապահների հետ, որն իրականացվում է ռուսերենով: Օրինակ՝ ես օրեր առաջ ՌԴ կրթության նախարարին նամակ եմ գրել: Իհարկե, ռուսերենով եմ գրել: Ես մտահոգություններ չունեմ այն առումով, որ մեր բուհերում և դպրոցներում ռուսերենի ժամաքանակը չի փոխվում: 
 Նույնիսկ եթե այստեղ ռուսական դպրոց բացվի, այստեղ ամեն ինչ հայագիտությամբ այնքան ներծծված է, որ ես չեմ կարծում, որ դա կարող է ազդել հայրենասիրության վրա: Իմ խորին համոզմամբ, դա չի կարող ազդել, որովհետև հանրակրթության ոլորտ և բարձրագույն կրթության ոլորտ դա չի մտնում, միայն պաշտոնական գրագրության մեջ է դա լինելու:
– Իսկ այն մարդկանց հետ, որոնք մտահոգություններ են հնչեցնում, այդ թվում՝ նախարար Մանե Թանդիլյանի, փորձե՞լ եք հանդիպել, զրուցել:
– Քննարկում Ազգային ժողովում եղել է, բայց, քանի որ ես սահմանային դպրոցներում էի, չմասնակցեցի, Լեզվի տեսչության պետը մասնակցեց: Ես կարծում եմ՝ ժամանակի առումով ենք մի քիչ շտապել, բայց դրա կարիքը, մեկ է, լինելու էր, որովհետև մենք արդեն աշխատում ենք խաղաղապահ ուժերի հետ, և նամակագրությունը նրանց հետ շատ է:
– Կա՞ր ռուսական կողմից ճնշում, թե՞ սա արցախցիների նախաձեռնությունն է:
– Վստահեցնում եմ, որ ոչ, որովհետև խաղաղապահների հետ հարաբերություններում ուղղահայաց առնչություն ես չեմ նկատում: Ես շատ մեծ շփումներ ունեմ խաղաղապահ ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և առանց չափազանցության կարող եմ ասել, որ հորիզոնական շփումներ են դրանք: Գուցե ոլորտներ կան, որտեղ ինչ-որ ուղղահայաց շփումներ կան, բայց մեզ մոտ հորիզոնական շփումներ են, և որևէ ճնշում մեր ոլորտի հետ կապված ես չեմ նկատել: Ընդհակառակը, ես հույս ունեմ, որ նրանք մեզ կօգնեն Շուշիի մշակութային ժառանգությունը հանել: Աշխատում ենք այդ ուղղությամբ:
– Հայտնի փաստ է, որ չկա որևէ արցախցի, որ ռուսերենով շփվելու խնդիր ունենա: Այսինքն՝ միշտ էլ Արցախում ռուսաց լեզվի մակարդակը բարձր է դրված եղել:
– Այո՛, մեզ մոտ ռուսերենի մակարդակը բարձր է, և խորհրդային տարիներից Ստեփանակերտը ռուսիֆիկացված քաղաք էր: Հայտնի «պերեստրոյկայից» հետո համար 3 դպրոցը, որ ռուսական էր, դարձավ ռուսերենի թեքումով դպրոց: Այնտեղ հիմա երեխաները նաև «Հայոց պատմություն», «Հայոց լեզու» են սովորում:
– Կարծում եք՝ Արցախի կառավարությունը դրական եզրակացություն կտա՞ այս նախագծին:
– Կարծում եմ՝ առկա իրողության պայմաններում դա անխուսափելի է: Գուցե կասեք՝ վատ բան եմ ասում, գուցե կասեք՝ իմ պաշտոնին գտնվող անձը չպետք է նման բան ասի, բայց պատկերացրեք, իրողություններն այստեղ լրիվ ուրիշ են, ամեն ինչ փոխվել է: Միաժամանակ, մենք հետ չենք կանգնելու հայագիտությունից, հայերենից, առարկայորեն դա թույլ չենք տալու, որևէ բան չի կարող ազդել հայագիտության վրա: Արցախցին խոսել և խոսելու է հայերեն, քանի որ յուրաքանչյուր արցախցի քաջ գիտակցում է, որ լեզուն սոսկ հաղորդակցման միջոց չէ, այլ ինքնության գլխավոր կռվանն է, մեր ինքնասիրության և արժանապատվության խորհրդանիշն է: Այստեղ անհնար է, որ որևէ բան ազդի հայագիտության և հայկականության վրա:
– Ամենք դեպքում, մենք տեսանք դպրոցների բացման ժամանակ ռուսերեն գրված, որտեղ շնորհակալություն էին հայտնում Ռուսաստանին:
– Թիվ 2 դպրոցն էր դա, խաղաղապահ ուժերը եկել էին, փորձել էին ցույց տալ, որ այստեղ կրթական գործընթաց է սկսվում, որ մենք այստեղ ենք, մեզ հետ խաղաղություն ենք բերել: Ուղղակի դա մի քիչ ոչ ճիշտ կոնտեքստում է լուսաբանվել, մի քիչ վիրավորական: Հետո ուրիշ դպրոցներ էլ բացվեցին, որտեղ ռուսերեն խոսք ընդհանրապես չկար: Ուզում եմ ասել, որ մենք չենք կարող ստրկանալ: