Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին կստանան հավելավճարներ. վերաբաշխվում է 77 մլն դրամ. ԿԳՄՍ նախարար

«Այս տարի ամփոփեցինք ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, և ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ պետբյուջեի «Կրթության որակի ապահովում» ծրագրի ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը միջոցառման հատկացումները բաշխել ըստ մարզերի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերի ամիսների վճարումներն իրականացնելու համար»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության հերթական նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 

Նախարարը հիշեցրեց, որ հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից ատեստավորմանը մասնակցել է 996-ը. «Նրանցից 478 ուսուցիչ հաղթահարել են 70 միավորի շեմը և կստանան 30, 40, 50 տոկոս հավելավճար: Սակայն գումարը մենք հաշվարկել ենք 10 տոկոս շեղումով՝ 515 ուսուցչի համար, քանի որ առկա են եղել բողոքարկումներ: Բացի դրանից, հավելավճարները հաշվարկվել են միջին աշխատավարձի, այսինքն՝ 125 հազար դրամի հիման վրա, սակայն վճարումներն իրականացվելու են փաստացի աշխատավարձների հիման վրա, որոնք ներկայումս ճշգրտվում են: Եվ այս որոշմամբ մենք վերաբաշխում ենք 77 մլն դրամ»:

Վահրամ Դումանյանը հավելեց, որ գործընթացին հաջորդ տարի կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները ըստ բոլոր առարկաների. «Նախատեսում ենք, որ եկող տարվա արդյունքով հավելավճար կստանա 5000 ուսուցիչ, այդ նպատակի համար 2022թ. բյուջեով մենք նախատեսել ենք 1.3 մլրդ դրամ»:

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների նորոգման և գույքով ապահովման համար նախատեսվում է կատարել բյուջեի վերաբաշխում 254 մլն դրամ գումարի չափով: