Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նպատակ ունենք մեր երկրում կազմել կրթական որակյալ ծառայությունների քարտեզ. Ժաննա Անդրեասյան

Նպատակ ունենք մեր երկրում կազմել կրթական որակյալ ծառայությունների քարտեզ. Ժաննա Անդրեասյան
Գիտություն
12:56, 26 ноябрь 2021
«Կառավարության ծրագրում հստակ ամրագրված են մի շարք թիրախներ, մասնավորապես խոսքը 300 դպրոցների հիմնանորոգման, վերանորոգման և կառուցման ծրագրերի, ինչպես նաև 500 մանկապարտեզների, նախադպրոցական հաստատությունների վերանորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրերի մասին է, և բնականաբար այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ այս աշխատանքներն իրենց մեջ ներառում են միավորված ջանքեր՝ տարբեր գերատեսչությունների կողմից։

Խոսելով նախադպրոցական հաստատությունների մասին՝ փոխնախարարն ասաց, որ մի շարք ծրագրեր ունեն. խոսքը թե՛ մոդուլային մանկապարտեզների մասին է, որոնք կառուցվում են մեր երկրի տարբեր մարզերում և տարբեր համայնքներում, թե՛  նաև փոքրաքանակ երեխաներով համալրված բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մասին, որոնք դրամաշնորհային ծրագրերի միջոցով են իրականացվում, դրամաշնորհներ են տրամադրվում բնակավայրերին, և նրանք ստեղծում են պայմաններ, օրինակ՝ մինչև 23 երեխա ունենալու պարագայում ոչ թե դասական մանկապարտեզ ստեղծելու, այլ այսպիսի ծառայություն ունենալու համար։ 
«Սա իրականացնում է նախարարությունը։ Այս տարի մենք արդեն 10 բնակավայրերում նման նախադպրոցական ծառայություններ ստեղծել ենք, առաջիկա տարում նույնպես պլանավորված են աշխատանքներ, և սա նույնպես այս բլոկի աշխատանքների մաս է։ Ինչպես նաև մեծ թվով ծրագրեր են իրականացվում մանկապարտեզներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, միայն այս տարի շուրջ 30 նման ծրագրեր են եղել, որոնք վերաբերել են նախադպրոցական հաստատությունների վերանորոգման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներին։ Մենք ունենք նաև առանձին ծրագրեր։ Օրինակ՝ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող, որի շրջանակներում միայն եկող տարի նախատեսվում է, որ 16 մանկապարտեզներում հիմնանորոգման և կառուցման աշխատանքները կավարտվեն»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
            
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է  Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրերի համար ստեղծել 13 նման արդիական ենթակառուցվածքներ, որոնք իրենց բնույթով լինելու են կրթահամալիրներ և իրենց մեջ ներառում են թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական ծառայությունները։ 

«Եվ որ շատ կարևոր է՝ այստեղ մենք համատեղ աշխատանք ենք տանում Քաղաքաշինության կոմիտեի, ՏԿԵ նախարարության և մարզպետարանի մեր գործընկերների հետ՝ թե՛ ենթակառուցվածքների զարգացման, թե՛ գույքով համալրման, ինչպես նաև ուսուցչական որակյալ համակազմ ապահովելու և կրթական ծրագրերը վերանայելու շուրջ։ Եվ հիմա այս տրամաբանությամբ ամբողջ Սյունիքի մարզում ենք այս աշխատանքներն իրականացնելու և նպատակ ունենք մեր երկրում կազմել կրթական որակյալ ծառայությունների քարտեզը, թե տեղում ինչպես և ինչ ռեսուրսներով պետք է այս ծառայություններն իրականացվեն, որպեսզի իրոք մեր երեխաներին տրամադրենք բարձր որակի կրթություն»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։