Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սփյուռքում ունենք պետական բյուջեից ֆինանսավորվող 11 հայագիտական կենտրոններ. երբեք նման ծավալի աշխատանք չի կատարվել. ԿԳՄՍ փոխնախարար

«Սփյուռքում մենք երեք ուղղությամբ ենք աշխատանքները տարել, այսինքն՝ արտերկրում հայագիտության զարգացում, Սփյուռքի ուսուցիչների կարողությունների զարգացում և համահայկական միջոցառումների կազմակերպում։ Այս առումով ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեկան  միջինում երկու նոր կենտրոն ենք բացում, և այս պահի դրությամբ մենք արդեն 2021 թվականի վերջի արդյունքներով  ունենք 11 հայագիտական կենտրոններ՝ պետական բյուջեից ֆինանսավորվող»,- այս մասին այսօր տարեկան ամփոփոիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։  

Նա նշեց, որ, իհարկե, աշխարհում հայագիտական կենտրոնները շատ են, բայց պետական ֆինանսավորմամբ երբեք նման ծավալի աշխատանք չի տարվել։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ պլանավորել են ամեն տարի երկուսով ավելացնել այդ կենտրոնները, ավելին՝ արդեն մտածում են, որ որոշակի կրիտիկական քանակ ունենալու դեպքում դա բերեն որակական նոր հարթություն, հայագիտական կենտրոններն իրար կապեն և փորձեն հայկական գիտակրթական նոր մեխանիզմներով իրենց գործունեությունը կազմակերպել։

«Եվ այդ շրջանակներում դիտարկվում է գարնանը Բուխարեստում հայագիտական կոնֆերանսի կազմակերպումը, որտեղ այդ հարցադրումները կդրվեն, և լուծումները կփորձենք գտնել։ Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կրթության կամ դպրության գործը բարձր հիմքերի վրա դնելու տեսանկյունից այս տարվա ամռանը տեղի է ունեցել Սփյուռքի  ուսուցիչների վերապատրաստում»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ ընդլայնվել է մասնակից ուսուցիչների թիվը, մասնավորապես 22 երկրից մասնակցել է 115 ուսուցիչ։ Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ շատ հետաքրքիր տեղաշարժ ունեն՝ առանձին դասաժամերով փորձելու են կրթություն կազմակերպել ոչ միայն ուսուցիչների, այլ նաև կրթական գործի կազմակերպիչների համար։