Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ պատվիրակությունը համագործակցության պայմանավորվածություններ է ձեռք բերել Կալիֆոռնիայի բարձրագույն կրթության հաստատությունների հետ

ԵՊՀ պատվիրակությունը համագործակցության պայմանավորվածություններ է ձեռք բերել Կալիֆոռնիայի բարձրագույն կրթության հաստատությունների հետ
Գիտություն
20:50, 04 февраль 2022
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հունվարի 31-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր դոկտ․ Հովհաննես Հովհաննիսյանի, ԵՊՀ միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար դոկտ․ Ալեքսանդր Մարկարովի և ԵՊՀ ամերիկյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դոկտ․ Վահագն Ագլյանի հետ։ ԵՊՀ պատվիրակությունը Լոս Անջելես է ժամանել Արիզոնայից, որի պետական համալսարանի հետ ԵՊՀ-ն ունի ամուր համագործակցային հարաբերություններ։
 
Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և պատվիրակության անդամները դեսպան Բայբուրդյանի հետ քննարկել են Կալիֆոռնիայի պետական և մասնավոր լավագույն համալսարանների և կրթական այլ հաստատությունների հետ համագործակցություն հաստատելու մտադրության գործնական ուղղությունները։
Համագործակցության օրակարգի կիզակետում էր նաև ամերիկյան կրթական հաստատությունների հայագիտական կենտրոնների հետ սերտ կապերի հաստատումը։ Դեսպան Բայբուրդյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵՊՀ նախաձեռնությանը՝ կրթական ոլորտում սերտ կապեր հաստատելու գործում։
 
ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ հանդիպում կայացավ Նորթրիջում Կալիֆոռնիայի պետական համալսարանի (CSUN) ռեկտոր դոկտ․ Էրիկա Բեքի, պրոռեկտոր դոկտ․ Մերի Ուոքերի և Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վահրամ Շեմասյանի հետ։ Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման մասնակիցները փոխադարձաբար ներկայացրել են Երևանի և Կալիֆոռնիայի պետական համալսարանները, ուրվագծել բնագավառները, որոք հեռանկարային են համագործակցության համար։ Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղում սովորում են մի քանի հազար հայ ուսանողներ, ինչը լրացուցիչ գործոն կարող է ծառայել սերտ գործակցություն ծավալելու համար։ Ռեկտոր Էրիկա Բեքը սիրով է ընդունել ռեկտոր Հովհաննիսյանի առաջարկը՝ աշնանն այցելել Հայաստան՝ տեղում ԵՊՀ հնարավորություններին ծանոթանալու և համագործակցության հետագա ձևաչափը հստակեցնելու համար։
 
 
ԵՊՀ պատվիրակությունը` դեսպան Բայբուրդյանի ուղեկցությամբ, այցելել է «Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան թանգարան ու մշակութային կենտրոնի» Գլենդեյլ քաղաքում գտնվող շինհրապարակ։ Թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետյանը և թանգարանի շենքի ճարտարապետ Արամ Ալաջաջյանը ռեկտոր Հովհաննիսյանին ներկայացրին նախագծի մանրամասները` կոչված համաշխարհային ամենաբարձր մակարդակի մշակութային ու կրթական կենտրոնի ստեղծման։ Գլխավոր հյուպատոսությունում շարունակված հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Երևանի մայր համալսարանի մասնագետները կաջակցեն Հայ-ամերիկյան թանգարանի պատասխանատուներին բովանդակային նախագծերի իրականացման գործում։ Բացի այդ, ԵՊՀ ուսանողները կարող են վերապատրաստում անցնել թանգարանում՝ այն կյանքի կոչվելուց հետո։
 
Փետրվարի 1-ին դոկտ․ Բայբուրդյանի նախաձեռնությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է նաև Գլենդեյլի Հանրային քոլեջ (GCC), որտեղ հանդիպում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինե Հակոբյանի, խորհրդի անդամ Սևան Բենլյանի, քոլեջի նախագահ Դեյվիդ Վայարի և ուսումնական հարցերով փոխնախագահ Մայքլ Ռիթթերբրաունի հետ։ Գլենդեյլի հանրային քոլեջի պատասխանատուները ներկայացրին քոլեջի կարուցվածքը, առանձնահատկությունները, կրթական հնարավորություններն ու բազմազգ ուսանողներին մատուցվող ծառայությունները։
 
Քոլեջում սովորում է 4600 հայ ուսանող, ինչը քոլեջի ղեկավարության համար ևս մեկ խթան է ԵՊՀ հետ գործակցելու կամուրջներ ստեղծելու համար։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի մայր համալսարանը՝ նախաձեռնված բարեփոխումների ուրվագիծը, կրթական ծրագրերն ու օտարերկրյա ուսանողների ուսուցման հնարավորությունները։
 
Դոկտ․ Մարկարովը ծանոթացրել է ԵՊՀ միջազգային համագործակցության բնագավառում արձանագրված տպավորիչ ձեռքբերումների հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամռանն արդեն Գլենդեյլի հանրային քոլեջի ուսանողները հնարավորություն կունենան մեկ սեմեստր ուսումն անցկացնել ԵՊՀ-ում։ Համագործակցությունը կանոնավոր հիմքերի վրա դնելու համար, հանդիպման մասակիցները պայմանավորվել են հաջորդ հանդիպմանը ստորագրել համագործակցության հուշագիր՝ նախապես համաձայնեցնելով փաստաթղթի նախագիծը և հստակեցնելով փոխադարձ հետաքրքրության ոլորտները։
 
 
Դեսպան Բայբուրդյանի ուղեկցությամբ՝ ԵՊՀ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ։ Քննարկվել են ԵՊՀ կրթական ծրագրերի աջակցությանն առնչվող հարցեր։ Առաջնորդ Հայրն իր լիարժեք զորակցությունն է հայտնել ներկայացված ծրագրերին։
 
ԵՊՀ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Փրոմիս հայկական ինստիտուտի տնօրեն Անն Կարագոզյանի, ինչպես նաև նույն համալսարանի Հայկական ուսումնասիրությունների Նարեկացի ամբիոնի վարիչ պրոֆ․ Փիթեր Քաուիի հետ։ Քննարկվել են համագործակցության հարցեր։