Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կրթության ոլորտի բարեփոխմանը միտված նախագծերին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կրթության ոլորտի բարեփոխմանը միտված նախագծերին
Գիտություն
15:21, 07 февраль 2022
ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նախատեսվում է, որ  տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:

Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

 Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել  նաեւ ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած նախագծին, որով նախատեսվում է մի շարք   սկզբունքային փոփոխություններ իրականացնել հանրակրթության ոլորտում: Օրինագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ  մասնագետների հետ, տեղի են ունեցել նաեւ խորհրդարանական լսումներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են  առաջարկներ, որոնց մեծ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն  ընդունվել է:  Նախագծի բազմաթիվ դրույթներ լրամշակվել եւ հստակեցվել են: