Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիտարկվում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը. ԿԳՄՍ նախարար

Դիտարկվում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը. ԿԳՄՍ  նախարար
Գիտություն
14:08, 21 февраль 2022
Օրեր առաջ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի ուսանողներն ահազանգում էին, որ այս տարի 2022-2023թթ. ընդունելություն նախատեսված չէ, և բուհը լուծարման եզրին է: Նրանք նշում են, որ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանն իրենց մոտ միակ բուհն է: Այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողները նաև այս հարցն ուղղեցին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին «Կրթության մինչև 2030թ. պետական ծրագրի նախագծի հիմնական առաջնահերթությունները և ռազմավարական ուղղությունները» թեմայով ասուլիսի ժամանակ:

 «Խնդիր կա, նույն համալսարանն իրենց նախաձեռնությամբ ներկայացրել է ամփոփ տեղեկանք, որով հիմնավորում են ոչ նպատակահարմարությունն ընդունելության: Դիտարկվում է նաև հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Խնդիրները կապված են թե կադրային համակարգի, թե ուսանողների ընդունելության սակավ դիմումների հետ, ինչպես նաև բուհը ֆինանսկան խնդիրներ ունի: ՀՀ-ում դա միակ բուհը չէ, որ խնդիրներ ունի»,- պատասխանեց Վահրամ Դումանյանն ու հավելեց. «Բուհն այն համակարգը չէ, որ մենք ձգտենք ամեն մարզում բուհ ունենալ: Ինքնանպատակ չէ ունենալ մի կառույց, անունը դնել բուհ, բայց բովանդակությունը չհամապատասխանի բուհին, կամ չբավարարեն ռեսուրսները, որպեսզի այդ կառույցը գործի: Ցանկացած բուհ պետք է լինի բուհ՝ անկախ նրանից, թե որտեղ է գործում, այսինքն՝ տա որակյալ կրթություն: Մեր ոչ բոլոր բուհերն են ապահովում որակյալ կրթություն, և դրա լուծման ճանապարհով մենք գնում ենք»: