Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումները

Քննարկվել են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումները
Գիտություն
19:25, 24 март 2022

Հիմնական զեկուցողի խոսքով՝ առաջարկվում է փոխել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի սահմանումը` այն համապատասխանեցնելով հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանությանը: Բացի դրանից՝ կատարվել են մի շարք փոփոխություններ լիազորող դրույթներում, մասնավորապես՝ ուղղված նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների վերապատրաստման գործընթացին:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների վերապատրաստումների պահանջը սահմանվել էր օրենքով։ Առաջարկվող փոփոխություններով ամրագրվելու է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության կարգի սահմանումը։ Սա շատ կարևոր է, քանի որ վերապատրաստումն իրականացնելու է ոչ թե որևէ կոնկրետ կառույց, այլ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված մի շարք կազմակերպություններ, և հաստատության աշխատակիցներն ունենալու են ընտրության հնարավորություն»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը։
Փոխնախարարի խոսքով՝ առանձին լիազորող նորմով սահմանվել է նաև 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը։

«Հիշեցնեմ, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանվել էր, որ մինչև 2023 թ. ավարտը անցում է կատարվելու համընդհանուր ներառական կրթության: Այս ուղղությամբ աշխատանքներն ամբողջ ծավալով ընթանում են, սակայն լիազորող նորմերի մասում խնդիր ունեինք. համապատասխան կարգի սահմանումը բաց էր, և այժմ լրացվում է այդ անհրաժեշտությունը»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը:
Հաջորդ փոփոխության համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Կառավարության՝ նախադպրոցական կրթական ծառայությունների ծածկույթը ընդլայնելու և բոլոր բնակավայրերի երեխաների համար հասանելիություն ապահովելու հետևողական քաղաքականությունը: Բացի դրանից՝ սահմանվել է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը:

Սահմանվել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու կարգերը:

«Կարևոր եմ համարում այս մեխանիզմի ներդրումը, որ ունենանք մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Կառավարության գործընկերների առաջարկով նախագիծը լրացվել է մեկ կետով, ըստ որի` ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից և ավարտվում օգոստոսի 31-ին: