Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի հետ մեր սահմանային գոտու որոշ դպրոցներում ցանկանում ենք վրացերենի դասեր անցկացնել. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան

«Հարևան երկրների և՛ լեզվին, և՛ մշակույթին մենք պետք է ծանոթ լինենք։ Օրինակ՝ Վրաստանի հետ մեր սահմանային գոտու որոշ դպրոցներում ցանկանում ենք վրացերենի դասեր անցկացնել, բայց դա դյուրին գործ չէ, որովհետև ուսուցիչների խնդիր կա, իսկ նպատակը՝ որպեսզի շփման հեշտություն լինի։ Օրերս ԱԺ-ում մեր գործընկեր պատգամավոր Թորոսյանը կոչ արեց Ջավախքի մեր հայրենակիցներին, որ սովորեն վրացերեն և լինեն Վրաստանի արժանավոր քաղաքացիներ։ Այստեղ որևիցե այլ միտում չկա։ Զուտ կրթական և բարիդրացիական շփման նպատակն է»,- այսօր՝ ապրիլի 15-ին, Civic.am-ի հարցին ի պատասպան ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և հավելեց, որ բացի վրացերենից, նպատակ կա նաև Հայաստանի որոշ դպրոցներում ներառել ադրբեջաներեն, պարսկերեն։ 

Նախարարը, անդրադառնալով Վրաստանում ընթացող վերապատրաստման գործընթացին, նշեց, որ Ջավախքի դպրոցներում հայ գրականություն դասավանդող մեր հայրենակից ուսուցիչները արդեն հնարավորություն ունեն մասնակցելու ատեստացիային, ինչը նաև նրանց աշխատավարձի վրա կանդրադառնա։ 

Մեր հարցին՝ քայլեր արվո՞ւմ են հարևան երկրների դպրոցներում հայոց լեզու դասավանդելու ուղղությամբ, նախարարն արձագանքեց. «Այո, մենք Իրանի հետ սերտ կապերի մեջ ենք և ուզում ենք դա իրականացնել՝ այնտեղ հայերեն սովորեն, մեր երեխաներն էլ՝ պարսկերեն։ Ամառային դպրոցի գաղափար էլ կա, իզոլացիան որևիցե լավ բանի մեզ չի բերի»։ 

Նարա Մարտիրոսյան


Մանրամասն՝ տեսանյութում