Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին դաս, ուսուցչի աշխատավարձի բարձրացում` կամավոր ատեստավորմամբ. Ժաննա Անդրեասյանի ասուլիսը

Վերջին դաս, ուսուցչի աշխատավարձի բարձրացում` կամավոր ատեստավորմամբ. Ժաննա Անդրեասյանի ասուլիսը
Գիտություն
19:20, 16 май 2022
Ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին դաս» միջոցառումը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Այս տարի 12-րդ դասարանը կավարտեն շուրջ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը` ավելի քան 34 հազար 500 շրջանավարտներ:
Ուսուցչի կամավոր ատեստավորման հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է: Կամավոր ատեստավորումը ուսուցչին հնարավորություն է տալիս բարձրացնելու աշխատավարձի դրույքաչափը և ունենալու կայուն հավելավճար: Այս և մի շարք այլ հարցերի մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Հայտնի են քննությունների օրերը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 4-րդ դասարանցիների գիտելիքիների ստուգումը տեղի կունենա հունիսի 10-ին և 13-ին` «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուսաց լեզու» և ազգային փոքրամասնությունների համար «Մայրենի լեզու» առարկաների քննությունները կկազմակերպվեն քննաշրջանի ընթացքում:
9-րդ դասարանի շրջանավարտները կհանձնեն երկու ավարտական կենտրոնացված քննություն` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներիցԴրանք կկազմակերպվեն Գնահատաման և թեստավորման կենտրոնի կողմից: Հայոց լեզվի քննությունը տեղի կունենա հունիսի 28-ին, մաթեմատիկայի քննությունը` հունիսի 30-ին: Մնացած առարկաների քննությունները կկազմակերպվեն դպրոցներում:
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու» (գրավոր՝ 08.06.2022 թ.), «Հայոց պատմություն» (գրավոր՝ 15.06.2022 թ.), «Մաթեմատիկա» (գրավոր՝ 22.06.2022 թ.), ինչպես նաև` «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար` քննաշրջանի ընթացքում: Միասնական քննությունների օրերը կհրապարակվեն առաջիկայում:
Առաջին դասարանցիների դպրոց հաճախելու մասին
Առաջին դասարանցիների ընդունելությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տեղի կունենա առցանց հայտագրման միջոցով` բոլոր այն պետական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։
Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն՝ դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։
Հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող բոլոր դպրոցների համար։
Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը` ոչ:
Նախարարի տեղակալը կոչ է արել մինչ հայտագրումը stugum.emis.am կայքի միջոցով ստուգել երեխայի և ծնողի տվյալների համապատասխանությունը` երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշները մուտքագրելով համակարգ: Նա նաև նշել է, որ քաղաքացիներին աջակցելու նպատակով կթողարկվի հոլովակ, որտեղ մանրամասն կիրազեկվի քայլերի հաջորդականության մասին: Հայտագրման համակարգը ողջ ուսումնական տարվա ընթացքում բաց կլինի բոլոր դիմողների համար:
Կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացման մասին
ՀՀ կառավարությունը ապիրլի 28-ի որոշմամբ հաստատել է կամավոր ատեստավորման նոր կարգը, ըստ որի՝ ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս դրական միավորներ ստացած ուսուցչի դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ: Այս դրույքաչափին գումարվում է նաև 30-50 տոկոս հավելավճարը` ըստ հավաքած միավորների: ԿԳՄՍ նախարարությունընոր կարգի համաձայնմայիսի 16-ից հունիսի 7-ը հայտարարել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները:
Ինչպես դիմել
Ժաննա Անդրեասյանի հավստատմաբ` դիմելու մեխանիզմը պարզ է. էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am կայքումակտիվացել է համապատասխան բաժին, որի միջոցով ուսուցիչը կարող է դիմել կամավոր ատեստավորմանը` կատարելով առարկայի ընտրությունը: Մնացած տվյալները կբեռնվեն ինքնաշխատ եղանակով: Թողարկվել է իրազեկող հոլովակ, որը ևս հրապարակված է:
Կամավոր ատեստավորումից առնվազն 20 օր առաջ կհրապարակվեն ուղեցույցները, որոնցում կներկայացվեն թեստերի կառուցվածքը, առաջադրանքների նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշները:
«Այսինքն` մեր ուսուցիչները կունենան բավարար տեղեկատվություն` կամավոր ատեստավորման ընթացքի և առաջադրանքների վերաբերյալ»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Բուն ատեստավորման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին, աշխատվարձերի բարձրացումը` ըստ արդյունքների, կկիրառվի հոկտեմբերից:
Գիտելիքի ստուգումը կիրականցվի գրավոր եղանակով` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:
Թեստային ստուգում
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Ասորերեն», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Ոչ թեստային ստուգում
«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր: Այս պարագայում գիտելիքի ստուգման գործընթացը կիրականացվի տվյալ ուղղությամբ մանկավարժական կրթություն իրականացնող բուհերի կողմից` այդ նպատակով ձևավորված մասնագիտական հանձնաժողովների կողմից:
Գալիք տարվանից նշված եղանակով կամավոր ատեստավորում անցնելու հնարավորություն կունենան նաև դասվարները:
Ըստ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի` «Պատմություն» առարկայի ուսուցիչները կկարողանան ընտրել կամավոր ատեստավորման երկու տարբերակներից որևէ մեկը (թեստային և ոչ թեստային):
Ամփոփելով թեման` Ժ. Անդրեասյանը նշել է, որ անցած տարվա կամավոր ատեստավորմանը մասնակցած և առնվազն 70 միավոր ստացած 478 ուսուցիչները կստանան բարձրացված դրույքաչափով և հավելավճարով վարձատրություն` այս տարվա մայիսից սկսած: