Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիկ գյուղի թիվ 1 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Վարդենիկ գյուղի թիվ 1 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
Գիտություն
23:00, 27 май 2022
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության եւ Հովհաննիսյանների ընտանիքի կողմից հատկացված միջոցներով բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, միաժամանակ նորոգվել ու կահավորվել են դպրոցի գրադան-ընթերցասրահը եւ նորացվել 14 դասասենյակների դռները։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցել են ԱՄՆ հայ կրթական հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը, Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյան ամուսինները, «Արմաթ» կրթական ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության, Վարդենիկ գյուղի, Վարդենիկի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ ։

«Ինժեներական լաբորատորիան բացվել է մեր եւ Ռիչարդ Հովհաննիսյանի ընտանիքի դրամական միջոցներով՝ ի հիշատակ Ռիչարդ Հովհաննիսյանի տիկին Վարդիթեր Հովհաննիսյանի։ Ընդհանուր առմամբ, ներդրվել է շուրջ 8 միլիոն դրամ։ Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան դպրոցն արդեն ոչ միայն ունի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, այլ նաեւ նորոգված ու կահավորված գրադարան-ընթերցասրահ, դասասենյակների նորացված դռներ։ Այս ծրագրի իրականացմամբ բոլորովին նոր էջ է բացվում Վարդենիկ գյուղի կրթական կյանքում»,-ներկայացրեց ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը։Դպրոցի տնօրեն Թաթուլ Ալոյանի հավաստմամբ՝ այս պահին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիա են հաճախում 5-12-րդ դասարանների 40 աշակերտներ, ովքեր ներկայացնում են Վարդենիկի կրթահամալիրը, թիվ 1 եւ թիվ 2 հիմնական դպրոցները։ «Արմաթ» խմբակը ղեկավարում է Վարդենիկի կրթահամալիրի ֆիզիկայի ուսուցիչ Անի Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ՝ Վարդենիկում բացված «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիան թվով 57-րդն է Գեղարքունիքի մարզում։