Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում. Վահրամ Դումանյան

Վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում. Վահրամ Դումանյան
Գիտություն
11:55, 03 июнь 2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է հանրակրթական դպրոցների շրջանավարտներին:
 
Շնորհավորական ուղերձում ասված է.
 
«Սիրելի՛ շրջանավարտներ,
 
Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի արժանահիշատակ իրադարձություններից մեկի կապակցությամբ: Այսօր վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում ձեր կյանքում:
 
Դուք եք մեր պետության գալիք հենասյուները և անկյունաքարերը, ձեզ է վստահվելու մեր երկրի զարգացման հետագա ապահովումը, դուք եք լինելու Հայաստանի բարօրության երաշխիքը, ձեզնով են հպարտանալու ձեր ծնողները և ուսուցիչները, դուք եք նոր ավյուն և ուժ հաղորդելու մեր հազարամյա պատմության ընթացքին:
 
Զինվե՛ք համբերությամբ, ջանասիրությամբ և հավատով ձեր ուժերի նկատմամբ, որպեսզի արդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների հույսերը, արժանի լինեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչմանը:
 
Դու՛ք եք մեր ապագան:
 
Սիրելի՛ շրջանավարտներ,
 
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ ձեր ապագա ուսանողական և աշխատանքային կյանքում:
 
Թո՛ղ իրականանան ձեր բոլոր նպատակները, թո՛ղ հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում: Աստվա՛ծ պահապան բոլորիդ»: