Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլն ամփոփվել է

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլն ամփոփվել է
Գիտություն / Մշակույթ
22:46, 01 июль 2022
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը: Որպես ծրագրի եզրափակում՝ խմբերը թատրոնի «Փոքր» բեմում հանդիսատեսին ներկայացրել են նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:

Նշենք, որ հունիսի 13-26-ն անցկացված ծրագրի այս փուլին մասնակցել են 70 աշակերտներ, որոնք ընտրվել էին մրցութային կարգով։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցներն աշխատել են խմբերով՝ իրենց մենթոր-ղեկավարների և դասախոսների ղեկավարությամբ։ Այս տարի դրամատիկական խմբերին զուգահեռ՝ ծրագիրն ուներ նաև պարի և մնջախաղի խմբեր։
Ծրագրի մասնակիցները հանդիպումներ են ունեցել արվեստագետների հետ, մասնակցել են դերասանի վարպետության դասերի և տեսական դասախոսությունների: Հունիսի 30-ին ծրագրի մասնակիցները հավաստագրեր և Մայր թատրոնի ներկայացումներին մեկ տարվա ընթացքում ազատ մուտքի հնարավորություն են ստացել։