Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չենք ասելու՝ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ տարկետում է ստանում պարտադիր զինծառայությունից. վարչապետ

«Այստեղ կարևոր է արձանագրել, որ մենք այդ որոշումը կայացնում ենք՝ կառավարության համար թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն: Այսինքն՝ ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է կամ տարկետում է ստանում պարտադիր զինվորական ծառայությունից, այլ ամեն տարվա համար մենք որոշակի հասցեական որոշակի մասնագիտություններ, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված Կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից: Շատ կարևոր է մի հանգամանք՝ կառավարությունն իր որոշումներով հնարավորությունկունենա որոշակի լրացուցիչ պայմաններ  առաջադրել այդ տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար:

Պարոն Դումանյանը նշեց բուհերում երիտասարդ դասախոսների խնդիրը, ես կընդգծեմ հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասի խնդիրը: Եվ մենք այս հարցերը պետք է կարողանանք կառավարել և կարգավորել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ստեղծվեն նաև մեխանիզմներ այդ ուսանողների պարտավորությունների կատարմանը հետևելու համար:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև կրթական համակարգում ներկայում իրականացվող բարեփոխումները և նշել. «Մենք հիմա քննարկում ենք նաև, թե բուհական համակարգում ինչպիսի բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ պետք է իրականացնենք, և սա կարող ենք համարել այդ ճանապարհի, շղթայի օղակներից մեկը: Այն կարևոր է նաև բուհական համակարգի գրավչությունը բարձրացնելու առումով: Իհարկե, սա վերաբերելու է մյուս ուսումնական տարվա ընդունելության քննություններին, այս տարվա վրա հասկանալիորեն չի տարածվում, որովհետև այն բավականին բարդ մեխանիզմ է, և մենք պետք է դեռ աշխատենք այդ ուղղությամբ, լրամշակենք»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ընդունելությանն քննություններին և նշել. «Դուք նկատել եք, որ Հայաստանում ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում: Դրա պատճառներից է նաև այն, այստարկետման ինստիտուտը չկա, դրանով հետաքրքրությունն  էականորեն նվազել է: Նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում են ոչ թե կրթություն ստնանալու նկատառումներով, այլ տարկետման իրավունքից օգտվելու համար: Եվ այստեղ այս մի տարվա ընթացքում մեր աշխատանքի կարևոր հատվածներից է երկու ինստիտուցիոնալ և ֆունդամենտալ խնդիր լուծել: Դրանցից մեկը ընդունելությունների քննությունների օբյեկտիվ համակարգ ունենալն է, որովհետև այդ սուբյեկտիվիզմի դրսևորումները շատ մեծ խնդիր են առաջացնելու: Եվ երկրորդ՝ գիտական թեզերի պաշտպանության թեման, որտեղ նույնպես գիտենք, որ ունենք պրոբլեմներ: Այսինքն՝ այստեղ միայն ընթացակարգեր և կառուցակարգեր ունենալու հարցը չէ: Շատ կարևոր է նաև նախորդող և հաջորդող շրջանի հետ կապված ունենալ կարգավորումներ, որպեսզի մեր նպատակին կարողանանք հասնել և ոչ թե ընդամենը միջանցք բացենք այլևայլ դրսևորումների համար: Ես կարծում եմ՝ ժամանակը բավարար է, որպեսզի մենք այդ հարցերին անդրադառնանք»:

Հավանության է արժանացել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել նաև այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի ՀՀ քաղաքացիություն է ստացել որևէ մարզաձևի ՀՀ հավաքական թիմում (որևէ  տարիքային խմբի) հանդես գալու համար և մինչև 2021թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

Կառավարությունը հավանություն է տվել ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծով, մասնավորապես՝ առաջարկվում է «Հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաև նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգ և գնահատում:»: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել ոլորտային քաղաքականությունների նկատմամբ մոնիտորինգ և գնահատում իրականացնելու իրավասությունների առկայությունը: