Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բուհերում թափուր տեղերը 15000-ից ավելի են, հիմնական փուլից դուրս մնացած դիմորդները կարող են դիմել ցանկացած բուհ․ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյան

Բուհերում թափուր տեղերը 15000-ից ավելի են, հիմնական փուլից դուրս մնացած դիմորդները կարող են դիմել ցանկացած բուհ․ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյան
Գիտություն
13:27, 25 июль 2022
«Քննությունների կազմակերպման գործընթացը սկսել ենք ապրիլ ամսից՝ բուհերի և առարկաների հայտագրումով։ Սկզբունքը եղել է մեկ բուհ՝ մեկ մասնագիտություն և այդ մասնագիտության համար սահմանված քննությունների հանձնում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Նրա խոսքով՝ 2022թ-ին՝ և՛ միասնական և՛ ներբուհական քննություններ հանձնողների թիվը կազմել է 13 887, մինչդեռ 2021թ․՝ 13 128 դիմորդ է եղել, այսինքն՝ 2022թ-ին դիմորդների թիվն ավելացել է․ «11 741 դիմորդ հանձնել են միասնական քննություններ, իսկ տարբերությունը հանձնում են ներբուհական քննություններով»,-նշեց ԳԹԿ փոխտնօրենը։ 

Կարո Նասիբյանը հավելեց, որ դիմորդներրի մոտավորապես 30 տոկոսը կտրվել է քննությունից՝ թեկուզ մեկ առարկայից, բայց համարվում են կտրված։ «Երկրորդ փուլին՝ լրացուցիչ թափուր փուլի մրցույթին, կարող է մասնակցել 791 դիմորդ, որոնք ունեն 2 առարկաներից էլ դրական գնահատականներ։ Թափուր տեղերը 15000-ից ավելի են, որովհետև մենք քննությունները կազմակերպում ենք և՛ պետական և՛ ոչ պետական բուհերի համար։ Հիմնականում թափուր տեղեր մնացել են ոչ պետական բուհերում, նույնիսկ կան բուհեր, որ դիմորդներ չունեն։ Հիմնական փուլից դուրս մնացած դիմորդները կարող են դիմել ցանկացած բուհ, որովհետև այսօր ՀՀ-ում չկա այնպիսի պետական, կամ ոչ պետական բուհ, որը չունենա թափուր տեղ»։ 

Փոխտնօրենն անդրադառնալով պետական բուհերի դիոմրդներին՝ նշեց, որ հիմնական փուլի մրցույթի արդյունքներով ամենաքիչ դիմորդները եղել են Հայաստանի ագրարային համալսարանի՝ 38 ընդունվող, և Մանկավարժական համալսարանի դիմորդները։ Նրա խոսքով՝ պատկերը բարվոք չէ նաև մարզերի բուհերում․ «Մենք տարիներ շարունակ արձանագրել ենք, որ Հայաստանի ագրարային համալսարան ընդունելությունը ոչ բարվոք վիճակում է, նույնն ասել ենք նաև մանկավարժական համալսարանի վերաբերյալ։ Օրինակ՝ մանկավարժականում ֆիզիկա մասնագիտությամբ նույնիսկ մեկ ընդունված ուսանող ունեն։ Սա կրթության քաղաքականությունը որոշող քաղաքականության խնդիրն է՝ նստել և մտածել ագրարային, մանկավարժական համալսարանների ընդունելության մասին»։

Ինչ վերաբերում է մեկ բուհ՝ մեկ մասնագիտություն մոտեցմանը՝ Նասիբյանը մեկնաբանեց, որ 3 տարի առաջ դիմորդները հերթով նշում էին մասնագիտությունները․ «Նախկինում իրավաբանականից դուրս էին մնում ու տեղավորվում էին օրինակ միջազգային հարաբերություններ՝ դուրս մղելով նրանց, ովքեր ցանկանում էին դառնալ միջազգային հարբերությունների մասնագետներ։ Իսկ այս համակարգը թույլ է տալիս նրանց, ովքեր ընտրում են տվյալ մասնագիտությունը, մրցեն իրար հետ և առաջինն իրենք ընդունվեն, իսկ թափուր տեղեր մնալու դեպքում նոր մյուսները կարող են մասնակցել։ Մեկ բուհ, մեկ մասնագիտության սկզբունքն արդեն 3 տարի է կիրառվում է։ Երբ դու ցանկանում ես իրավաբան դառնալ պետք է հանձնես իրավաբանականի քննությունները և մրցես իրավաբանական դիմածների հետ, այլ ոչ թե միջազգային հարաբերություններ դիմածների հետ։ Հիմա իրավաբանականը դարձյալ մնացել է իր բարձրության վրա»։