Քաղաքացիակենտրոն
լրատվություն

FemInno-ի օտարերկրյա հյուրերը հետաքրքրված են հայկական ՏՏ էկոհամակարգով․ նրանք ծանոթացան Թումո կենտրոնի գործունեությանը

FemInno-ի օտարերկրյա հյուրերը հետաքրքրված են հայկական ՏՏ էկոհամակարգով․ նրանք ծանոթացան Թումո կենտրոնի գործունեությանը
Գիտություն
21:27, 29 июль 2022
Առաջին անգամ Հայաստանում անցկացվելիք FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովի հյուրերը ծանոթացան Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը։



«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանը նշեց, որ հրավիրված բանախոսները, բացի այն, որ ուրախ են համաժողովին մասնակցել, նաև հիացած են Հայաստանի ՏՏ ոլորտով, հայտնաբերել են, որ երկրում ակտիվ է ՏՏ համայնքը։


«FemInno-ի շրջանակներում ունենք տեխնոլոգիաների և նորարարության հետ կապ ունեցող հյուրեր Կանադայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Նիգերիայից, Շվեյցարիայից։ Առիթը բաց չթողնելով՝ փորձում ենք նրանց Հայաստանի ՏՏ էկոհամակարգին ծանոթացնել։ Հասցրել ենք այցելել նաև PMI գիտահետազոտական կենտրոն։ Ուրախ եմ, որ Թումոյի հետ համագործակցելու արդյունքում հնարավորություն ունենք նաև այս այցը կազմակերպել ու ցույց տալ, թե որտեղից են ծնվում մեր ոլորտային տաղանդներից շատ շատերը»,- ասաց կոնֆերանսի հիմնադիրը։

Պապոյանը շեշտեց, որ ծանոթանալով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ համաժողովի բանախոսները կհասկանան, թե փոքր Հայաստանում ինչպես են ստեղծվում մեծ «միաեղջյուր» («Միաեղջյուր» անվանում են ավելի քան 1 մլրդ դոլար արժեքով մասնավոր ստարտափ ընկերությունները, - հեղ.) ընկերություններ։ Նրա համոզմամբ՝ Թումո կենտրոնը լավագույն օրինակն է ցույց տալու, որ հայ երիտասարդները փոքր տարիքից հնարավորություն ունեն մտնել թվային աշխարհ։


Համաժողովի հիմնադիրը նշեց՝ նպատակ ունեն հյուրերին ներկայացնել Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ընկերություններն ու դրանց ազդեցությունը ողջ էկոհամակարգի վրա։

Կանադայից ժամանած բանախոս Քրիստոֆեր Դեդեյանը խոստովանում է՝ իր համար հետաքրքիր է տեսնել, որ Հայաստանում դեռ վաղ տարիքից ՏՏ ոլորտի հանդեպ փորձում են երեխաների մեջ սեր առաջացնել։




Նիգերիայում հիմնադրված Taeillo ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջումոկ Դադան նշեց, որ իր համար հետաքրքիր էր իմանալ, որ Հայաստանում հնարավոր է «միաեղջյուր» ընկերություն ստեղծել։ Հետաքրքրված է նաև Թումո կենտրոնի գործունեությամբ։ Նրա կարծիքով՝ նման փոքր երկրում ոլորտը հետաքրքիր կերպով է զարգանում։