Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրթական ոլորտում առկա՝ աշխարհին հուզող հիմնախնդիրները կքննարկվեն Հայաստանում, միջազգային համաժողովին կմասնակցեն հետազոտողներ 54 երկրներից․ տեսանյութ

Կրթական ոլորտում առկա՝ աշխարհին հուզող հիմնախնդիրներն ու լուծումներն առաջիկա օրերին կքննարկվեն Հայաստանում։ Հայաստանը միջազգային համաժողովին պատրաստվել է մոտ 1 տարի։

Օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի» ամենամյա համաժողովը։ Մասնակցելու են կրթական հետազոտողներ 54 երկրներից։ Ներգրավված են Հայաստանի գրեթե բոլոր բուհերը, այդ թվում՝ մասնավոր բուհերը, գիտահետազոտական ինստիտուտներն ու Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները։ Համաժողովին մասնակցում են ինչպես ճանաչված գիտնականներ, այնպես էլ սկսնակ հետազոտողները։   

«Եվ իր ծավալով, և մասնակիցների քանակով սա, կարելի է ասել, աննախադեպ միջոցառում է, որովհետև տեղի է ունենալու ոչ միայն ԵՊՀ-ում, այլև Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ակնկալում ենք մոտ 700 մասնակիցների ժամանում Հայաստան, որոնց մի մասն արդեն ժամանել է, և 800 մասնակիցների օնլայն մասնակցություն կոնֆերանսին»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
 
Համաժողովը տալիս է հնարավորություն ուսումնասիրելու տարբեր երկրների կրթական ոլորտում կիրառվող առաջատար փորձն ու ներդնելու այն Հայաստանում։ Քննարկվելու են մանկավարժությանը, կրթությանն առնչվող նոր մոտեցումները։ Համաժողովի օրերին 40 զուգահեռ աշխատաժողովներ են լինելու, ինչպես նաև միջսերնդային հանդիպումներ։ 

 «Մեզ շատ հաճախ թվում է, թե այն մարտահրավերները, որոնք ունենք, միայն մերն են, բայց երբ որ այս համաժողովների ժամանակ լսում ենք ելույթները, տեսնում ենք, որ եվրոպական բազմաթիվ առաջադեմ երկրներ, օրինակ՝ մենք կարող է խոսենք ֆիննական հրաշքի մասին, բայց ֆինները կարող է գան և քննարկեն իրենց ոլորտում առկա բազմաթիվ մարտահրավերները»,- հավելում է Հովհաննես Հովհաննիսյանը։  

««Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան» Եվրամիության կրթական հանձնաժողովին կից գործող կազմակերպություն է, որն իր ներդրումն է բերում կրթական հետազոտությունների զարգացման գործում»,- ներկայացնում է «Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի» համաժողովի խմբի ղեկավար Նազիկ Հարությունյանն ու հավելում. «Ասոցիացիայի անդամ է 43 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը՝ ի դեմս Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի»։

Հայաստանն այս միջազգային ասոցիացիային անդամակցում է 2012թ.-ից։ Իսկ 2018թ.-ին միջազգային այս համաժողովը Հայաստանում անցկացնելու մրցույթին հաղթող է ճանաչվել։ Երևանյան համաժողովին մասնակցում են ոչ միայն Եվրոպայից ու Ասիայից, այլ նաև ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Աֆրիկայից։ Համաժողովի նպատակն է կրթական հետազոտողներին մեկտեղել մեկ հարթակում, որպեսզի միասնաբար քննարկվեն, վերլուծվեն յուրաքանչյուր երկրի հանրակրթության, բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները, և գտնեն լուծումներ։ 

 «Ինչ է տալիս համաժողովը՝ բնականաբար համագործակցություն։ Մեծ հնարավորություններ է տալիս հետագա համագործակցության միջբուհական պայմանագրերի, համատեղ հետազոտական աշխատանքներ կատարելու, և այս ամենն ազդում է կրթության զարգացմանն ամբողջ աշխարհում»,- նշում է Նազիկ Հարությունյանը։ 

Համաժողովին հետազոտական նյութերի ներկայացման համար ավելի քան 2000 հայտ է գրանցվել, որոնցից ընտրվել են 1500-ը։ Հայաստանից ներկայացված 137 հայտերից ընդունվել են 75-ը, բայց փաստացի կմասնակցեն 60-ը, իսկ ելույթները կլինեն 37-ը։ Հայաստանից ներկայացված հայտերի թվում եղել են դասավանդման պրոբլեմները, կրթության կառավարման հիմնախնդիրները, մշակույթի, ֆիզիկական դաստիարակության հետ կապված խնդիրները։ 

 «Մեր տարածաշրջանում տարբեր գլոբալ իրողություններ են ազդում կրթության ոլորտի և հատկապես կրթական հետազոտությունների վրա, և կոնֆերանսի նպատակն է վեր հանել այդ բոլոր գլոբալ իրողություններն ու հասկանալ, թե ինչ միասնական լուծումներ կարող ենք առաջարկել»,- մեկնաբանում է «Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը։

Հիմնական բանախոսների շարքում են բուհերի ներկայացուցիչներ՝ Երևանի պետական համալսարանից,  Ավստրալիայի կաթոլիկ համալսարանից, Բելգիայի Լյուվենի համալսարանից, Շոտլանդիայի Էդինբուրգի, Պորտուգալիայի համալսարաններից։ Համաժողովին մասնակցում են ոչ միայն դասախոսներ, այլև ասպիրանտներ, մագիստրատուրայի ուսանողներ, ներգրավված են նաև կամավորներ։   

 «Ամբողջ համաժողովի ժամանակ 90 կամավորներ ունենք մի քանի ֆակուլտետներից։ Նրանք ոչ միայն մեզ աջակցելու են աշխատանքները կազմակերպելիս, այլև լսելու են ճանաչված հետազոտողներին, և դա մեծ օգուտ է իրենց համար հետագա մագիստրոսական թեզերի վրա աշխատելիս»,- իր տեսակետն է հայտնում Նազիկ Հարությունյանը։

«Նմանատիպ միջոցառումներն ունեն նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Նախ՝ մեծ քանակությամբ արտասահմանյան գործընկերներ այցելում են Հայաստան, տեսնում են հայկական մշակույթը, շփվում են տեղի ժողովրդի հետ, հետագայում դառնում են ինչ-որ իմաստով դեսպանները Հայաստանի։ Ուսանողների համար հնարավորություն է ստեղծվում շփվելու բարձրակարգ գիտնականների հետ»,- միջոցառման առավելություններն է ներկայացնում ԵՊՀ ռեկտորը։  

Առաջիկա օրերին, օգոստոսին կայանալիք 4-օրյա համաժողովից բացի, կանցկացվի նաև առցանց համաժողով՝ սեպտեմբերի 1-10-ը։

Համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում