Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործատուներն ավելի սերտ կհամագործակցեն մասնագիտական կրթության հաստատությունների հետ, շրջանավարտները հեշտորեն կգտնեն աշխատանք. նախագիծը կդրվի շրջանառության․ տեսանյութ

Մասնագիտական կրթության որակը կփոխվի՝ շրջանավարտները պետք է տիրապետեն գործատուների կողմից պահանջվող հմտություններին, որպեսզի հեշտ գտնեն աշխատանք։  

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում օրենսդրական նոր փոփոխությունների նախագիծն արդեն իսկ սեպտեմբերին պաշտոնական շրջանառության կդրվի։ Ոլորտի մասնագետներին ներկայացվեցին նախագծով սահմանված փոփոխությունները։ 
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը փոփոխությունների շարքում առանձնահատուկ կարևորում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևաչափը, որպեսզի ուսումնառության ընթացքում կարողանան ապահովել շրջանավարտների համար աշխատաշուկայում պահանջվող հմտություններն ու կարողությունները, որոնք նրանց թույլ են տալու հաջողությամբ աշխատանք գտնել։  

«Սա մեզ պիտի թույլ տա կրթության որակը փոխել և հասնել տնտեսության կարիքներին համապատասխան անհրաժեշտ կարողություններ ունեցող շրջանավարտների ձևավորմանը։ Երկրորդ կարևոր ուղղությունը, որ կմատնանշեի՝ դա համակարգում մասնավոր ոլորտի հետ համագործակցության ձևաչափերի ընդլայնումն է. մենք պատրաստ ենք գնալ ընդհուպ մինչև համագործակցային կառավարման մոդելների, և նույնիսկ կուզեմ նշել, որ հիմա նման մի մոդել արդեն փորձարկում ենք»,- ասում է Ժաննա Անդրեասյանը։ 

Փոխնախարարը նշում է՝ փորձելու են ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր ստանալ՝ Տավուշի տարածաշրջանային քոլեջի հիմքի վրա Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ համատեղ կառավարման միջոցով։ Առաջին տարին է, որ այդ կրթությունը պետք է սկսեն և արդեն ունեցել են մրցույթ գյուղատնտեսական մասնագիտության համար։ Փոխնախարարը սա աննախադեպ է համարում՝ հավելելով, որ մինչ այս ամեն տարի գյուղատնտեսական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանն են գնացել, բայց, ցավոք, դիմորդների հետաքրքրվածությունը և դիմելիությունը ցանկալի մակարդակի չեն եղել: «Շատ կարևորում եմ նաև ՄԿՈՒ ոլորտում հնարավորությունների ընդլայնումը աշխատանքային օրենսդրության հետ փոխկապակցման տեսանկյունից, որը պետք է հնարավորություն տա, որ մեր հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության հնարավորություններն ընդլայնվեն, ուսանողական ընկերությունների ձևավորման հնարավորությունները ընդլայնվեն»,- հավելում է նա։  

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները շատ են՝ ներառում են նաև մանկավարժական աշխատողների վարձատրության և մասնագիտական զարգացման նոր քաղաքականությունը։ 

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը նախագծի շրջանակներում համագործակցում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ։  

«Շվեյցարիան մոտավորապես 30 տարի առաջ աղքատ երկիր էր, մինչև սկսեց զարգացնել իր մասնագիտական կրթության համակարգը։ Գերմանիայի և Ավստրիայի համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի կառավարության համապատասխան նախարարությունների հետ համագործակցությամբ մենք կարողացանք ի փորձ դնել այս ծրագիրը։ Սա տասնամյակի տևողություն ունեցող ծրագիր է, որի առաջին 4 տարիների ընթացքում մոտավորապես 8,5 միլիոն եվրոյի ներդրում է իրականացվել»,- ասում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրեն Վերներ Թութը։  

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կրթության փորձագետ Յուլիյա Ստակյանը  ևս ընդգծում է՝ փոփոխություններում շեշտադրումը դրված է, որպեսզի գործատուներն ավելի սերտ համագործակցեն մասնագիտական կրթության հաստատությունների հետ։ Նա, օրինակ բերելով Գերմանիայի փորձը, նշում է, որ Գերմանիան, որն առաջատարն է «Դուալ» ուսուցման ոլորտում, այնտեղ կազմակերպությունների 29 տոկոսն է ներգրավված այդ համակարգում:

Կրթության փորձագետ Մարինե Հակոբյանն էլ շեշտում է՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ ամբողջ աշխարհում միջին մասնագիտական կամ արհեստագործական կրթության կադրերը խիստ պահանջարկ ունեն։ «Բոլոր երկրներում իրական աշխատաշուկայի 80 տոկոս և ավելին այս համակարգն է ապահովում, և պետք է երիտասարդներին հնարավորություն տալ, ուսումնասիրելով առաջադեմ փորձը, տեղում սովորելու»,-ասում է փորձագետը։ 

Կրթության փորձագետ Մարինե Հակոբյանն ընդգծում է՝ հիմնարար հարցերից է նաև այն, որ վերջապես մասնագիտական կրթության համակարգում մանկավարժական աշխատողների համար կանոնավոր վերապատրաստումներ կլինեն։ Փորձագետի խոսքով՝ մինչև այսօր ոլորտի մանկավարժների կարգավիճակը հստակ չէր, և նրանք համակարգում համարվում են ամենացածր վարձատրվողները։ Իսկ այս փոփոխությամբ կհստակեցվի, թե ովքեր կարող են աշխատել մասնագիտական կրթության ոլորտում, և մեծ դաշտ կբացվի մասնագիտական զարգացման համար՝ ընդհուպ մինչև դոցենտի աստիճանի կարող են հասնել իրենց ստեղծարար հմտություններով։     

 Նարա Մարտիրոսյան