Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրթության մինչև 2030թ. պետական ծրագիրը երաշխավորելու է Հայաստանի ապագան. Վարչապետը շնորհավորեց Գիտության և դպրության օրվա առթիվ

Կրթության մինչև 2030թ. պետական ծրագիրը երաշխավորելու է Հայաստանի ապագան. Վարչապետը շնորհավորեց Գիտության և դպրության օրվա առթիվ
Գիտություն
11:22, 01 сентябрь 2022
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Կառավարության հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքով սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին մեր սիրելի աշակերտներին, ուսանողներին, սովորողներին, ուսուցիչներին, դասախոսներին սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով»,- ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ 2022թ. հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն տվեց ՀՀ կրթության մինչև 2030 թվականը պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին, որը պիտի քննարկվի և վերջնական տեսք ստանա ԱԺ-ում. «Ծրագրի մեջ նախագծված են մեր միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառներում»:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան և հավելեց, որ այսօր տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: