Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչեւ 2026թ. 300 դպրոց ու նախակրթարան կառուցելու ու հիմնանորոգելու մեր ծրագիրը մեկնարկել է. վարչապետ

Մեկնարկել է մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Կառավարության հերթական նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ծրագրի իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ ու դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը պիտի դառնա գյուղերի վերածննդի առանցքային գործոն»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն և հեռանկար չի եղել այդ գյուղերում, և ծնողները նախընտրել են հեռանալ նաև երեխաների համար կրթության հեռանկար ստեղծելու նպատակով. «Այժմ գյուղական բնակավայրերում բացվող մանկապարտեզները, դպրոցները մեր մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու»:

Այնուհետև վարչապետը հատուկ ուշադրություն դարձրեց միջգյուղական կրթահամալիրների ծրագրին. «Նմանատիպ ծրագրեր իրականացնելու ենք այն գյուղերի համար, որոնցից ոչ մեկում երեխաների անհրաժեշտ թվակազմ չկա առանձին դպրոց կամ մանկապարտեզ ունենալու համար, և կա հնարավորություն մի քանի գյուղերի երեխաներին հավաքելու մեկ տեղում»:

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ այդտեղ նոր շենքեր կկառուցվեն, դեպի այդ կրթահամալիրներ տանող ճանապարհներ կկառուցվեն, երեխաներին տեղափոխող նոր ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ կտրամադրվեն: