Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատության հրապարակում մեկնարկել է STARMUS Գիտության ճամբարը

Ազատության հրապարակում մեկնարկել է STARMUS Գիտության ճամբարը
Գիտություն
22:33, 08 сентябрь 2022
Ազատության հրապարակում STARMUS փառատոնի շրջանակներում մեկնարկեց «Գիտության ճամբարը»՝ երեխաներին և գիտությամբ հետաքրքրվող մարդկանց հնարավորություն տալով մոտիկից ուսումնասիրելու գիտական և տեխնոլոգիական վերջին ձեռքբերումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը նշեց, որ գիտական ճամբարների իրականացումը շատ կարևոր է:


«Նմանատիպ ճամբարների միջոցով փորձում ենք երաժշտությունը, արվեստը ներգրավելով՝ հանրությանը բերել գիտական տաղավարներ, որտեղ նրանք կկարողանան ուսումնասիրել և ծանոթանալ գիտության և տեխնոլոգիական վերջին նորություններին»-, ասաց նա:
Մոլորակագիտության պրոֆեսոր Բեթանի Էլմանը նշեց, որ երեխաների ուշադրությունը դեպի գիտություն տանելու հարցում իր գործը բավականին հեշտ է: «Ես Մարսը և Լուսինն եմ ուսումնասիրում, հետազոտում և կարող եմ այդ ամենը համեմել և ուղեկցել հետաքրքրական նկարներով, բայց ես միշտ խոսում եմ այն հարցերի մասին, որոնք մեզ հետաքրքրում են, ու որոնց մենք չենք տիրապետում, օրինակ՝ ինչու՞ ենք մենք այստեղ և մենակ ենք արդյոք տիեզերքում: Այս հարցերով ուզում եմ իրենց համար ընդգծել, որ գիտական հետազոտող լինելը շատ կարևոր է, նաև այս ամենը իր հետ բերում է շատ զվարճանք և թիմային մեծ աշխատանք»,- ասաց Բեթանի Էլմանը:

Աստղաֆիզիկոս Լիզա Կալտենեգգերը նշեց, որ «Գիտության ճամբարը» և առհասարակ STARMUS-ը տալիս են մեծ հնարավորություններ: «Հնարավոր է շատերի համար այս փառատոնը դառնա ոգեշնչման աղբյուր: Ես կարծում եմ, կլինեն մարդիք, ովքեր STARMUS-ից հետո որոշում կկայացնեն զբաղվել գիտությամբ»,-ասաց նա:

ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի թռիչքային էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետյանն էլ նշեց, որ ոգևորվածությունը իսկապես շատ վարակիչ է, և նա ոգևորվում է նրանով, որ իր աշխատանքով տվյալներ է հավաքագրում, որպեսզի գործընկերները կարողանան իրենց բացահայտումները իրականացնել: «Մենք յուրաքանչյուրս աշխատում ենք մեր առանձին փակ տարածքում և այդ աշխատանքի ոգևորությունը մենք պետք է կարողանանք դուրս բերել և կիսել դրանք ուրիշների հետ, որպեսզի որգևորենք և հետաքրքրենք նրանց»,- եզրափակեց Արբի Կարապետյանը: