Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուսանողները պետք է սովորեն աստղագիտություն, ֆիզիկա և փնտրեն գիտության գլխավոր հարցը՝ արդյոք կա՞ կյանք այլ աշխարհում. աստղաֆիզիկոս Լուիս Ֆրիդման. տեսանյութ

- Պարոն Լուիս Ֆրիդման, Դուք որպես «Սթարմուս» գիտության և արվեստի փառատոնի բանախոս և աստղաֆիզիկոս՝ ի՞նչ խորհուրդ եք տալիս ուսանողներին, ինչպես նաև Ձեր դասախոսություններով հետաքրքրված անձանց՝ առաջխաղացում ունենալու գիտության բնագավառում։

- Իմ բնագավառը տիեզերագիտությունն է։ Եվ ես ուսանողներին առաջին հերթին խորհուրդ եմ տալիս սովորել աստղագիտություն, ֆիզիկա, մաթեմատիկա։ Բայց հանրությանը հասանելի ինֆորմացիա շատ կա տիեզերքի ուսումնասիրության վերաբերյալ՝ Մարսի, այլ մոլորակների՝ Սատուրնի, Յուպիտերի մասին։ Ուսանողները պետք է ոգևորված լինեն ուսումնասիրելու այլ աշխարհը, բայց նաև բացահայտեն՝ ինչ գիտելիք են ստանում, և փնտրեն գլխավոր հարցը գիտության՝ արդյոք կա՞ կյանք այլ աշխարհում։ Մենք դա չգիտենք՝ դա մեծ խորհրդավորություն է և հաճույք է պետք ստանալ՝ բացահայտելով խորհրդավորությունը։

- Հայաստանն այս տարի տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը։ Հայաստանը պլանավորում է ունենալ տիեզերակայան՝ կառավարելու այդ արբանյակը։ Ի՞նչ քայլերից է պետք սկսել տիեզերագնացության բնագավառում հաջողության հասնելու համար։ 

- Շատ կարևոր է արբանյակի նախագծումն ու ստեղծումը։ Այն պետք է դուրս գա Երկրի ուղեծիր, գնա այլ մոլորակներ։ 1000 գործողություն կարող է ճիշտ արվել և միայն մեկը՝ սխալ, և դա անհաջողության կմատնի ողջ գործընթացը։ Շատ կարևոր է, որ ամեն քայլը ճիշտ լինի, ստուգվի համակարգը և հսկողության տակ պահվի, չափազանց ուշադիր է պետք լինել։

- «Սթարմուս» փառատոնը կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Տեսանելի՞ է այն օրը, երբ մարդկությունը կարող է Մարսի վրա ապրել, և ի՞նչ կտա դա մեր Երկիր մոլորակին։


- Որևէ մեկը չգիտի դրա պատասխանը, մենք փորձում ենք ստանալ այն։ Մարս կուղարկենք մարդկանց՝ գուցե նրանք ադապտացվեն այնտեղ, գուցե ոչ։ Հարյուրավոր տարիներ կտևեն՝ բացահայտելու, ուսումնասիրելու, գնալու այլ վայրեր։ Գլխավոր հարցը ինձ համար այն է, թե որն է ապագան մարդկության՝ մենք կադապտացվե՞նք այլ մոլորակում, թե՞ կշարունակենք կյանքը Երկիր մոլորակի վրա։ Եվ մենք կանենք դա որպես մա՞րդ, թե՞ կօգտագործենք ռոբոտներ:

- «Սթարմուս» փառատոնն առաջին անգամ է Հայաստանում անցկացվում, ի՞նչ կշահի Հայաստանն այս փառատոնից։ 

- «Սթարմուս» փառատոնը ֆանտաստիկա է՝ այն և գիտություն է, և արվեստ, և երաժշտություն, և փիլիսոփայություն։ Այստեղ փոխանակվում են գաղափարներ։ Իսկ երբ դու ունենում ես մասնագետներ միայն մեկ ոլորտից նույն գործն անող՝ դա չի զարգանում։ Մինչդեռ տարբեր ոլորտների մարդկանց մեկտեղումը ներշնչում է մարդկանց, մոտիվացնում՝ սովորելու առարկաներ. մեկն ընտրում է տիեզերագնացությունը, մյուսը՝ երաժշտությունը, մեկ ուրիշը՝ համակարգչային գիտությունը։

- Ծանոթացե՞լ եք Երևանին ու երևանցիներին, ինչո՞վ է Հայաստանը Ձեզ համար առանձնանում այլ երկրներից։ 

- Իմ բնակավայրում՝ Լոս Անջելեսում, շատ հայեր են ապրում, և ես սովոր էի ուտել հայկական ճաշատեսակներ, շփվել հայերի հետ, այստեղ Հայաստանում ոչ մի անսովոր բան չկա ինձ համար, պարզապես աշխարհագրական դիրքն է անսովոր։ Ես ապրում եմ Կալիֆոռնիայում՝ Խաղաղ օվկիանոսի ափին, իսկ Հայաստանը չունի օվկիանոս, բայց գեղեցիկ երկիր է։

Նարա Մարտիրոսյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում