Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ունի հարուստ ու հին պատմություն, որը ես շատ եմ գնահատում, ինձ հետաքրքրում է Հայաստանի աշխարհագրությունն ու պատմությունը. ամերիկացի մոլորակագետ. տեսանյութ

- Տիկին Բեթանի Էլման, Դուք «Սթարմուս» գիտության և արվեստի փառատոնի շրջանակում դասախոսում եք, ի՞նչ կարող են հայ ուսանողներն ու գիտնականները սովորել Ձեր դասախոսություններից։

- Ես շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում, կարդալ իմ դասախոսությունները, հաղորդակցվել տիեզերքի ուսումնասիրության մասին։ Մեծ ուսումնասիրություններ ենք արել, բայց դեռ ավելին կա սովորելու արեգակնային համակարգի մասին, և թե ինչպես են մոլորակները գործում։ Իմ մասնագիտությունը՝ ուսումնասիրել արևային համակարգում ջուրը, ջրի պատմությունը, Մարսի կլիման, Լուսինը։ Շատ բան է ուսումնասիրվել, բայց դեռ ավելին պետք է բացահայտվի, և ուրախալի է խոսել մարդկանց հետ այդ մասին։

- Քանի՞ մոլորակ է հայտնաբերվել գիտնականների կողմից, կա՞ն մոլորակներ, որտեղ Դուք կյանքի ազդակներ եք տեսնում։

- Արեգակնային համակարգում 8 մոլորակ են բացահայտել գիտնականները և դրանց գումարած նաև գաճաճ մոլորակները։ Բայց հիմա աստղադիտակներով բացահայտվել են աստղերի շուրջը գտնվող հազարավոր մոլորակներ։ Եվ հարցը, թե որում կարող է կյանք ու ջուր լինել, մեզ ամենաշատ հուզող հարցերից է։

- Մարսը գիտնականների կողմից ամենաշատ ուսումնասիրված մոլորակներից մեկն է։ Եթե մարդկությունը կարողանա կյանք հաստատել Մարսում, ի՞նչ առավելություն դա կտա Երկիր մոլորակին։  

- Մարսն այսօր ցուրտ, չոր միջավայր է։ Ես հույս ունեմ, որ մի օր կկարողանանք ապրել Մարսի վրա, բայց հիմա տեխնոլոգիաների օգնությանն ենք դիմում։ Հուսով եմ՝ մարդիկ կուսումնասիրեն Մարսը, որը կօգնի նաև զարգացնել մեր տեխնոլոգիաները։ 

- Ձեզ ի՞նչն է ամենաշատը հետաքրքրում Հայաստանում։

- Ինձ հետաքրքրում է Հայաստանի աշխարհագրությունն ու պատմությունը։ Հայաստանն ունի հարուստ ու հին պատմություն, որը ես շատ եմ գնահատում։ Հաճելի է այդ մասին իմանալ նաև այն մարդկանցից, ում հետ ես այստեղ հաղորդակցվում եմ։ Սա իմ առաջին այցն է Հայաստան, և շատ եմ ցանկանում այցելել տեսարժան վայրեր։

- Դուք փորձե՞լ եք հայկական ճաշատեսակները։

- Ես իսկապես սիրում եմ հայկական խոհանոցը։ Սնունդը համեղ է, այստեղ ես, ինչպես նաև «Սթարմուսի» մյուս բանախոսները շատ լավ հյուրասիրության ենք արժանացել։ Ինձ ամեն ինչ շատ դուր է եկել։ 

- Ի՞չ ակնկալիք ունենանք «Սթարմուս» փառատոնից։ 

- Հուսով եմ՝ «Սթարմուս» փառատոնը կզարգացնի մարդկանց հետաքրքրությունը գիտական բացահայտումների նկատմամբ։ Ես հուսով եմ՝ հայ ուսանողներից ոմանք, որոնք մասնակցում են «Սթարմուսի» բանախոսների դասախոսություններին, կշարունակեն ուսումնասիրել գիտության ոլորտը՝ սովորելով ավելին, և կզարգացնեն գիտությունն ու տեխնոլոգիան Հայաստանում։  

Նարա Մարտիրոսյան