Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել դպրոցն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել դպրոցն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը
Գիտություն
19:03, 09 сентябрь 2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 170 ավագ դպրոցը ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնի շրջանակում: 
 
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար   Վահրամ Դումանյանը,  «STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը և այլք:
 
«STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն ընդգծել է՝ շատ քչերը գիտեն, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծը իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը: Նա հիշեցրել է, որ «Թայմ» պարբերականը «Լունախոդն» անվանել է հեղափոխություն աշխարհի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: 
 
Վլադիմիր Քեմուրջյանը նշել է, որ հայրը մշտապես քաջալերել է երիտասարդներին՝ կարծելով, որ առանց նրանց հնարավոր չէ ստեղծագործել, տեխնիկա ստեղծել:  Վլադիմիր Քեմուրջյանը բազմաբովանդակ գրքեր է նվիրել դպրոցին, իսկ ԱՄՆ-ից ժամանած գիտնական Սքոթ Ռոբերթսը՝ աստղադիտակ:
 
1963-1973 թվականներին Ալեքսանդր Քեմուրջյանի ղեկավարած ճարտարագետների խումբն աշխատել է լուսնագնացների և փոքր մարսագնացների ավտոմատ կառավարվող շասիների նախագծման և ստեղծման ուղղություններով։ Արդյունքում տաղանդավոր ճարտարագետի ղեկավարած խումբը ստեղծում է աշխարհում առաջին տիեզերական նշանակության ռոբոտ-տրանսպորտ հանդիսացող լուսնագնացները, մարսագնացները։ Տիեզերական այս նոր տեխնիկայի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ տվյալներ Լուսնի և Վեներա մոլորակի գրունտների վերաբերյալ։