Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի ագրեսիայի պատճառով 24873 դպրոցական զրկվել է կրթության իրավունքից. Դումանյանը՝ եվրոպական նախարարական համաժողովին

Բաքվի ագրեսիայի պատճառով 24873 դպրոցական զրկվել է կրթության իրավունքից. Դումանյանը՝ եվրոպական նախարարական համաժողովին
Գիտություն
19:46, 06 октябрь 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցում է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվող «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին: Պատվիրակության կազմում են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» իններորդ նախարարական համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով, որում մասնավորապես նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» իններորդ նախարարական համաժողովի շրջանակում:
Համաշխարհային կրթական ճգնաժամը, որն ընդգրկում է կրթության հասանելիության, ներառման, որակի և մատչելիության հետ կապված խնդիրները, բացասական հետևանքներ ունի ողջ աշխարհի երեխաների և երիտասարդների ապագայի վրա: Այն դանդաղեցնում է կրթությանն առնչվող Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Ճգնաժամերը, ինչպիսիք են Covid-19 համաճարակը և ռազմական հակամարտությունները, բացասական ազդեցություն ունեն կրթության վրա։

Վերջին ճգնաժամը, որն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կրթության վրա, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից հրահրված լայնածավալ ռազմական ագրեսիան էր։ Ադրբեջանական զինուժն ինտենսիվ հրետակոծել է Հայաստանի տարածքում գտնվող Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները և հարակից գյուղերը։

Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24873 դպրոցական և 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության իրավունքից: Վտանգվել է նաև այդ մարզերում գործող արտադպրոցական ուսումնական հաստատությունների, քոլեջների և բուհերի գործունեությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի նմանօրինակ թշնամական գործողությունները՝ այդպիսով նպաստելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի հիմնարար սկզբունքների հետագա խախտումների կանխարգելմանը:

Կարևորելով կրթության դերը՝ որպես յուրաքանչյուր երկրի կայուն, ներառական զարգացման և համընդհանուր բարեկեցության առանցքային նախապայման, 2022 թվականին Հայաստանը մշակել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»: Այն հիմնված է ՄԱԿ-ի 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգի վրա, մասնավորապես՝ աղքատության վերացում, գենդերային հավասարություն, որակյալ կրթություն, արժանապատիվ աշխատանք բոլորի համար, ինչպես նաև մոտեցումներ՝ հիմնված մարդու իրավունքների, խտրականության դեմ պայքարի և «ոչ ոքի չանտեսելու» սկզբունքի վրա, ինչպես նաև արտացոլում է մեր հանձնառությունները ներկայումս ընթացող կրթության փոխակերպման համաշխարհային միտումների շրջանակներում:

Ծրագրի նպատակն է սովորողներին տրամադրել կրթություն, որը կապահովի բնապահպանական և քաղաքացիական ժամանակակից կարողություններ, աշխատունակություն, բարեկեցիկ ապագա՝ նպաստելով «Կրթություն հանուն կայուն զարգացման 2030 թ.» ծրագրի ամբողջական իրականացումը:

Մենք ամբողջությամբ վերանայել ենք և ներդրում ենք հանրակրթության համապարփակ չափորոշիչներ ու ուսումնական պլան, որտեղ առանցքային նշանակություն ունի բնապահպանական կրթությունը։

Քանի որ կրթական բարեփոխումների հաջողության հիմնական դերակատարն ուսուցիչն է, նախարարությունը հանձնառու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բարձրացնելու ուսուցչի՝ հայ հասարակության համար ավանդաբար բարձր սոցիալական կարգավիճակը՝ աշխատավարձերի բարձրացման և սոցիալական երաշխիքների տրամադրմանը զուգահեռ։

Կրթական ենթակառուցվածքների ֆիզիկական պայմանների բարելավումը կրթության մատչելիության ևս մեկ կարևոր առաջնահերթություն է։ Կառավարությունը պարտավորվել է ստեղծել գրավիչ, անվտանգ և ապահով ուսումնական միջավայր ողջ երկրում, որը խթանում է ուսումը և հագեցած է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ հաշվի առնելով ուսուցման նորարարական և ներառական մեթոդաբանությունները, անվտանգության չափանիշները և համընդհանուր հասանելիությունը: Վերոնշյալ նպատակներին հասնելու համար մենք շարունակաբար ավելացնում ենք կրթության ֆինանսավորումը և շարունակելու ենք ապահովել դրա առաջանցիկ աճը։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է այս համաժողովի արդյունքում ձևավորված օրակարգը և ստանձնած պարտավորություններն ու պատրաստակամություն է հայտնում վերափոխել կրթությունը՝ Կայուն զարգացման նպատակներին լիովին հասնելու համար, քանի որ հնարավոր չէ կայունության հասնել, եթե չմիավորվենք, չհամագործակցենք և ներդաշնակ չլինենք մեր, շրջակա միջավայրի և մոլորակի հետ»: