Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախադպրոցական տարիքի շուրջ 236 հազար երեխա ընդգրկված չէ նախադպրոցական ծառայության մեջ. Ժաննա Անդրեասյան

Նախադպրոցական տարիքի շուրջ 236 հազար երեխա ընդգրկված չէ նախադպրոցական ծառայության մեջ. Ժաննա Անդրեասյան
Գիտություն
12:15, 12 октябрь 2022
2019 թվականի տվյալների համաձայն՝ նախադպրոցական կրթության ոլորտում կա 0-5 տարեկան երեխաների 34.7 տոկոս ընդգրկվածություն: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ տարբերություններ կան գյուղերի և քաղաքների միջև:

«Քաղաքային բնակավայրերում 39.6 տոկոս ընդգրկվածության մասին է խոսքը, գյուղականում՝ 25.4 տոկոս: 3-5 տարեկանների ընդգրկվածությունը 64.4 տոկոս է»,- ասաց Անդրեասյանը:

Միաժամանակ Անդրեասյանը նշեց, որ 2020 թվականին շուրջ 6 տոկոսով աճել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության հնարավորությունը: Այսինքն՝ լրացուցիչ տեղեր են ստեղծվել նոր հաստատությունների բացման միջոցով:

«Ընդհանուր  առմամբ, սակայն, խնդիրը դեռևս մնում է ակտուալ, որովհետև մենք ունենք շուրջ 236 հազար երեխաներ նախադպրոցական տարիքի, որոնք այս պահին ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ: Թե՛ Կառավարության ծրագիրը, որով հստակ սահմանված է 3-5 տարեկանների ընդգրկվածությունը հասցնել 85 տոկոսի մինչև 2026 թվականը, թե՛ Կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030 թվականը, որով հստակ ամրագրված է, որ արդեն պետք է խոսենք առնվազն 95 տոկոս ընդգրկվածության մասին, մեր առաջ դնում են շատ հստակ թիրախներ»,- ասաց Անդրեասյանը: