Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուսուցիչը պետք է լինի հասարակության ամենակարևոր անձը». Վահրամ Դումանյանն այցելել է ԿԶՆԱԿ և ԿՏԱԿ

«Ուսուցիչը պետք է լինի հասարակության ամենակարևոր անձը». Վահրամ Դումանյանն այցելել է ԿԶՆԱԿ և ԿՏԱԿ
Գիտություն
19:27, 02 ноябрь 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմերին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները:

Նախարար Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում» ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ կառույցին վերապահված է հանրակրթության բարեփոխումների բովանդակային բաղադրիչի հիմնական հատվածը. «Կրթության զարգացման, նոր չափորոշիչների ներդրման գործում ԿԶՆԱԿ-ն առանցքային դեր ունի, և գործունեության հաջողված արդյունքը պայմանավորված է նաև պրոֆեսիոնալ աշխատակազմի ջանքերով»:

Նախարարն առանձնացրել է առանցքային 3 հարց, որոնք առավել խնդրահարույց են, այդ թվում՝ ուսուցչի վերապատրաստումների արդյունավետության բարձրացում, մանկավարժի կերպարի ձևավորում, միջին մասնագիտական կրթության ոլորտում խնդիրներին համակարգային մոտեցումներ՝ արդյունքային ցուցանիշների բարելավման ակնկալիքով:

«Ուսուցիչը հասարակության մեջ պետք է լինի ամենակարևոր անձը: Ուսուցչի կատարած գործը պետք է լինի հարգանքի արժանի, որի պաշտոնին և դիրքին մշտապես շատերը ձգտեն, բայց հասնեն միայն բացառիկներն ու արժանավորները: Ուսուցչի հենց այս կերպարը պետք է ձևավորենք»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Ըստ նախարարի՝ դպրոցներում պետք է բացառել քաղաքական գործընթացները. դպրոցը պետք է լինի տաճար, որտեղ շատ երևույթներ արգելված կլինեն: Նախարարը կարևորել է նաև ճկուն մեխանիզմների մշակումը, որոնք կտանեն միայն դեպի զարգացում և կբացառեն խախտումները:

Անդրադառնալով միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ այս ոլորտն առավել մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ ապահովում է կադրերի արագ իրացումն աշխատաշուկայում, ինչը կարևոր նշանակություն ունի ներկա տնտեսական իրավիճակում:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական բարեփոխումների այս փուլում մեծ ծավալի աշխատանքներ են լիազորված ԿԶՆԱԿ-ին. «2023 թ. սեպտեմբերից հանրապետության բոլոր դպրոցներում պետք է ներդրվեն նոր չափորոշիչները՝ փուլային սկզբունքով: Սա նշանակում է նախապատրաստել բոլոր մարզերի դպրոցներին՝ սերտ համագործակցելով տնօրենների և ուսուցիչների հետ»:

Ուսուցիչների վերապատրաստման գործընթացը քննարկելիս Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԿԶՆԱԿ-ի գործառույթը՝ դրանց մշտադիտարկման, որակի ու արդյունքի գնահատման տեսանկյունից: Քննարկմանն անդրադարձ է եղել նաև նախադպրոցական կրթության որակի բարելավման գործընթացին, դպրոցական խորհուրդների անդամների, տնօրենների վերապատրաստումների առանձնահատկություններին:

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկման արդյունքները, ծագած խնդիրներն ու հետագա անելիքները: Առկա խնդիրներից առանձնացվել է փորձագետների պակասը, նրանց՝ մարզեր գործուղելու, տեղում աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը: ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ մյուս մարզերի դպրոցների տնօրեններին և մանկավարժներին վերապատրաստելիս որպես ռեսուրս կներգրավվեն նաև Տավուշի մարզի մանկավարժները և տնօրենները, որոնք արդեն բավականին փորձառու են և տիրապետում են նոր չափորոշչով աշխատելու հմտությանը:

Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է նաև ԿԶՆԱԿ-ի շենքային պայմաններին, որտեղ ներկայում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շրջայց են կատարել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, քննարկել առաջիկա անելիքները:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, կիրառության մեջ դրված նոր առցանց հարթակների արդյունքները: Քննարկվել են նաև ատեստավորումների, քննությունների համար մեկ միասնական հարթակ ստեղծելու հնարավորությունները: