Վարչապետի որոշմամբ՝ բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ կստեղծվի

Գիտություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ՝ ստեղծվելու է բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության կայքից։ Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը պետք է մշակի և ՀՀ վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով.
- նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություն.
- նոր ձևավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների և նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն.
- նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վիճակագրական տվյալներ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ.
- ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն.
- համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն.
- ուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ առաջարկություն.
- սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ՝ նկատի ունենալով, որ «սպայական ակադեմիայի» հիմնական առաքելությունը պետք է լինի պետականակենտրոն սպա պատրաստելը։