Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրթության ռազմավարությամբ ուզում ենք լինեն նույն սկզբունքով, նույն ստանդարտներով առաջնորդվող բուհեր․ ԿԳՄՍ փոխնախարար․ տեսանյութ

Եվրասիա միջազգային համալսարանում այսօր բացվեց Էրազմուս-Ժան Մոնեի «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնը։ Սա ԵՄ իրավունքի ոլորտում Ժան Մոնեի առաջին ամբիոնն է Հայաստանում, որի ղեկավարն է ԵՄՀ իրավաբանության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Խվորոստիանկինան։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ և այլ փորձագետներ: 

Փոխնախարարի խոսքով՝ կրթության ռազմավարությունը և իրավական դաշտը պետք է կարողանանք ապահովել և ունենալ այն նախանշված նպատակները, որոնք դրված են կրթության ռազմավարության մեջ։

«Մենք ունենք շատ հավակնոտ կետեր ռազմավարության մեջ և ռազմավարության ընդունումից հետո կունենանք գործողությունների պլան, և բնականաբար, այդտեղ դուք բոլորդ մասնակից կլինեք  քննարկմանը։ Այնտեղ շատ մեծ տեղ կա մասնավոր բուհերի զարգացմանը՝ թե ինչ ենք նախատեսում։ Մենք ուզում ենք, որ ոչ թե լինեն տարանջատված և մասնավոր բուհեր, այլ լինեն բուհեր՝ նույն սկզբունքով, որոնք կլինեն լավը, կառաջնորդվեն նույն ստանդարտներով, և նրանք էլ կզարգանան ու կունենան մեր երկրի համար կարևոր և ապագային միտված ուսանողներ»,- ասաց փոխնախարարը։

Աննա Խվորոստիանկինան էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ  ամբիոնում ուսուցումը կկատարվի երկու տարբեր ուղղություններով, առաջինը կանոնավոր ուսուցումն է, որը համալսարանի մագիստրոսական ուսումնական պլանի մեջ է ներառվելու, իսկ երկրորդը լինելու են վկայագրով ծրագրեր, որոնք հասանելի են լինելու արտաքին մասնակիցներին, ինչպիսիք են ինչ-որ ոլորտի պրոֆեսիոնալներ, քաղաքացիական հասարակության անդամներ, իրավաբաններ և այլք։   

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան