Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահրամ Դումանյան. «Մեր պատանիներին կոչ եմ անում մաքուր պահել շրջակա միջավայրն ու չաղտոտել բնությունը»

Վահրամ Դումանյան. «Մեր պատանիներին կոչ եմ անում մաքուր պահել շրջակա միջավայրն ու չաղտոտել բնությունը»
Գիտություն
19:30, 30 ноябрь 2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր կայացել է 2022 թվականի Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառում:

Եվրոպական ժառանգության օրերի ծրագիրն այս տարի կրում է «Կայուն ժառանգություն» խորագիրը և նպատակ ունի համախմբելու ուժերը շրջակա միջավայրի պահպանության համար պայքարում, դրա համար մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև բարձրացնելու իրազեկվածությունը պլաստիկի օգտագործման վնասակար հետևանքների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ով նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողն է, Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, այլ պաշտոնյաներ, «Environment Group» ընկերության տնօրեն Էրիկ Գրիգորյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ սա հիանալի առիթ է բազմաբնույթ միջոցառումների միջոցով մեկ անգամ ևս ծանոթանալու հազարամյակների պատմություն ունեցող մեր մշակութային և բնության ժառանգությանը: Ամեն տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Հայաստանում և Արցախում անցկացվում են ավելի քան 300 միջոցառումներ, որոնք համակարգվում են ԿԳՄՍ նախարարության կողմից։

Չնայած բոլոր դժվարություններին՝ այս տարի ևս նախատեսված էին օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, դասախոսություններ, թանգարանային առցանց շրջայցեր, բազմաբնույթ կրթական ծրագրեր, որոնք մեկ անգամ ևս փաստելու էին հայկական մշակութային ժառանգության հարատևությունը և կարևորությունը համաեվրոպական ու համաշխարհային մշակութային ժառանգության համատեքստում, սակայն այս տարվա ծրագիրն ընդհատվել էր Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով:

«Նախատեսված միջոցառումների մի մասը, այնուամենայնիվ, իրականացվեց։ Ուրախ եմ, որ հետաձգված միջոցառումներից մեկն այսօր Եվրոպական միության դեսպանության ջանքերով իրականացվում է»,- ընդգծել է նախարար Վահրամ Դումանյանը։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է այն, որ աշակերտներն այս տարիքից իմանան շրջակա միջավայրի վրա պլաստիկի վնասակար ազդեցության մասին, սովորեն տարբերակել աղբը, հասկանան շատ ծառ տնկելու և կանաչ տարածքներ ունենալու կարևորությունը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ շրջակա միջավայրի պահպանության և առանց պլաստիկի գաղափարի իրագործումն աստիճանաբար պետք է կիրառվի նաև Հայաստանի մյուս բնակավայրերում. «Սա, իսկապես, կարևոր խնդիր է: Վերջերս մենք երկու հրաշալի հուշարձաններ ենք վերականգնել և բարեկարգել Երևան-Սևան մայրուղում՝ «Հավերժության ժապավեն» և «Արձագանք»: Ցավով պետք է փաստեմ, որ գեղեցիկ բարեկարգված հուշարձանների հարակից տարածքներում արդեն իսկ ահռելի աղբ էր կուտակվել: Այդ հուշարձանների շրջակայքում նախարարության աշխատակիցներն անգամ մաքրման աշխատանքներ են կատարել: Մեր պատանիներին կոչ եմ անում մաքուր պահել շրջակա միջավայրն ու չաղտոտել բնությունը»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջույնի խոսքում կարևորել է 2022 թվականի Եվրոպական ժառանգության օրերը հենց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նշելու հնարավորությունը:

«Փորձում ենք գաղափարներ մշակել, թե ինչպես զարգացնել բնապահպանության, շրջակա միջավայրի պահպանության ծրագրերը և պայքարել պլաստիկի դեմ: Հիմա, իսկապես, այնպիսի ժամանակներ են, որ մենք պետք է ամեն կերպ պաշտպանենք մեր շրջակա միջավայրը: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, որտեղ կան պատմամշակութային ժառանգության հրաշալի կոթողներ, այստեղ բնությունը ևս հիանալի է: Շատ եմ տխրում, երբ Հայաստանի գեղատեսիլ վայրերում տեսնում եմ մեծ քանակությամբ պլաստիկ՝ աղբի տեսքով»,- ասել է Անդրեա Վիկտորինն ու նշել՝ «Վեդին առանց պլաստիկի» արշավի շրջանակում իրենք ստեղծել են բազմակի օգտագործման տոպրակներ, որոնք նախատեսում են տրամադրել Վեդիի բնակիչներին՝ նպատակ ունենալով, որ դրանք կնպաստեն պլաստիկի դեմ պայքարին:
«Environment Group» ընկերության տնօրեն Էրիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ թեև ծրագրի մեկնարկը տրվել է Վեդիում, բայց այն կշարունակվի նաև Հայաստանի մյուս բնակավայրերում. «Մենք հազարամյակներով ապրում ենք այս տարածաշրջանում, պետք է այնպես անենք, որ մեր հողը մաքուր լինի: Ցավոք, պլաստիկը տարիներով մնում է այդ հողի վրա: Ծրագիրը սկսել ենք Վեդիից, քանի որ սա նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքն է»:

Արգելոցն աշխարհի ամենահին պահպանվող տարածքներից մեկն է և ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Այն հիմնադրվել է 4-րդ դարում (334-338 թթ.) Հայաստանի թագավոր Խոսրով Կոտակի հրամանով: 1958 թվականի սեպտեմբերին այն դարձել է պետական արգելոց​​ և ընդգրկում է շուրջ 23213.5 հա տարածք, գտնվում է ծովի մակարդակից 700-2800 մ բարձրության վրա:
Միջոցառման ավարտին հյուրերը ծառատունկ են իրականացրել ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում՝ հիմք դնելով սոճիների պուրակի: