Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չենք կարող մեզ համարել քաղաքակիրթ հանրություն, ազատ միջավայր, եթե այդ միջավայրում յուրաքանչյուր ոք չի զգում իրեն պաշտպանված և հանրության լիիրավ անդամ․ Արա Խզմալյան

Մենք չենք կարող մեզ համարել քաղաքակիրթ հանրություն, ազատ միջավայր, եթե  այդ միջավայրում յուրաքանչյուր ոք չի զգում իրեն պաշտպանված և հանրության լիիրավ անդամ․ Արա Խզմալյան
Գիտություն
19:13, 26 декабрь 2022
 
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ՀՀ ԿԳՄՍՆ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի  տնօրեն Աննա Կարապետյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում  կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի տեղեկացմամբ` ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող  «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով 935 երեխայի համար արվեստի և արհեստների ոլորտում իրականացրել է անվճար գեղարվեստական կրթություն: 
«Ուսուցման ընթացքում երեխաների շրջանում անցկացվել են հոգևոր և գեղագիտական դաստիարակությանն ուղղված աշխատանքներ: Բացահայտվել են երեխաների կարողությունները. արդյունքում՝ նրանք  ձեռք են   բերել նախնական մասնագիտական հմտություններ, գտել են նոր զբաղմունքներ և ընկերներ: Մասնակցել են ներառական միջոցառումների, համերգների, փառատոների, մրցույթների, ճանաչողական, կրթական էքսկուրսիաների, կամավորական աշխատանքների և վարպետաց դասերի: 2022 թվականին  կենտրոնն իրականացրել է 57 միջոցառում Երևանում և ՀՀ մարզերում: Կենտրոնի լայնամասշտաբ միջոցառումներից էր ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացված «Միասին կարող ենք» խորագրով «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը: Այն երկխոսության առիթ էր, որը Հայաստանը դարձրեց արդիական շփումների խաչմերուկ»,- ասել է կենտրոնի տնօրենը և մանրամասնել՝ Երևանում և Վանաձորում փառատոնի շրջանակում տեղի են ունեցել բացօթյա ֆիլմերի դիտում-քննարկումներ, ներառական համերգային ծրագրեր, վարպետության դասեր, մարզային ներառական մշակութային ճամբար, որտեղ ընդգրկված էին կենտրոնի սաները:

Տարվա ընթացքում ԿԳՄՍՆ աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացրել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
2022 թվականին կենտրոնը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է «Զատկական փառատոն» միջոցառումը։ Այս հարթակում ներկայացվել են կենտրոնի շուրջ 320 սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները: Համերգային ծրագրում երեխաները հանդես են եկել երաժշտական կատարումներով։

2022 թվականին Հայատանում առաջին անգամ ԵՀՍԿ-ն ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացրել է «Երաժշտական և  արվեստի դպրոցներում ներառականության ապահվանն ուղղված դասընթացներ» ծրագիրը, որում ընդգրկվել էր 650 մանկավարժ՝ Երևանի  28 ուսումնական հաստատությունից: Կենտրոնն ունի 145 խմբակ Երևանում և հինգ մարզերում:

«Ծրագրի նպատակն է  ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից, կարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և զերծ չմնան գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից: Ծրագիրը միտված է մանկավարժների շրջանում ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը՝ հավասար պայմաններում: Ծրագրի ընթացքում մանկավարժները մասնակցել են տեսական և գործնական դասընթացների: Մանկավարժները ձեռք են բերել գիտելիքներ ներառական կրթության առանձնահատկությունների, երեխաների բազմազանության, իրավական դաշտի, շրջակա միջավայրի հարմարեցման ու մատչելիության մեխանիզմների վերաբերյալ: Դասընթացների ընթացում մանկավարժները գիտելիքներ են ստացել արտ թերապիայի, ծնող-երեխա-մանկավարժ հարաբերությունների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, միջազգային փորձի և ներառական կրթության  մեթոդաբանության ուղղությամբ»,- ներկայացնելով 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքները՝ եզրափակել է ԵՀՍԿ տնօրեն Աննա Կարապետյանը: 

Նշենք, որ տարվա ընթացքում կատարած աշխատանքների՝ մանկավարժների վերապատրաստման դասընթացների, փառատոների, երեխաների մասնակցությամբ մշակութային բազմաթիվ միջոցառումների վերաբերյալ կենտրոնի կողմից պատրաստվել էին տեսահոլովակներ, որոնք ներկայացվել են հաշվետու միջոցառման ընթացքում:

Միջոցառման ընթացքում «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագրի բանախոսներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալագրեր է հանձնել: 

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի և անձնակազմի կատարած աշխատանքը՝ գոհունակությամբ նշելով, որ կատարած այս ահռելի աշխատանքն այն ճանապարհն է, որով ընդառաջ ենք գնում միմյանց:

«Գրեթե բոլոր նախագծերը, որոնք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը», ընդգրկում են մարզերն ու համայնքները: Ներառականությունը որպես առաջնահերթություն լիարժեք իրականացված է կենտրոնի գործունեության մեջ: «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում մարզերի և համայնքների դպրոցների աշակերտները հնարավորություն են ունեցել շփվելու 50 արվեստագետի հետ: Մեր նպատակն է ամենավաղ տարիքից լուրջ վերաբերմունք ձևավորել արվեստի,  մշակույթի գործիչների հանդեպ: Այս հարթակում իրականացվում է նաև «Դասարան+Դասական» կրթական նախագիծը, որը, ըստ էության, մշակութային և կրթական քաղաքականության առաջնահերթություններից է: 

Մեր  պետական քաղաքականությունն ընդառաջության քաղաքականություն է, և մենք չենք կարող մեզ համարել քաղաքակիրթ հանրություն, ազատ միջավայր, եթե  այդ միջավայրում յուրաքանչյուր ոք չի զգում իրեն պաշտպանված և հանրության լիիրավ անդամ»,- նշել Արա Խզմալյանը և  շնորհակալություն հայտնել ՊՈԱԿ-ի տնօրենին, աշխատակիցներին, կազմակերպություններին և անհատներին՝  պատանիների, երիտասարդների, առանձնահատուկ կարողություններ ունեցող անձանց շրջանում իրականացրած կարևորագույն գործունեության համար: 

Միջոցառմանը «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» ժեստերի երգչախումբը և «Արևային զանգակներ» համույթը հանդես են եկել երաժշտական կատարումներով: