Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի արբանյակի կառավարման կայանի աշխատանքները գրեթե ավարտված են. ԲՏԱ նախարար

«Արբանյակի կառավարման կայանի աշխատանքները գրեթե ավարտված են։ Ի սկզբանե պլանավորված էր, որ 2023թ. կունենանք ընդունիչ կայանն ու կառավարման կայանը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ 

Նախարարի խոսքով՝ կառավարման կենտրոնի սարքավորումները դեռևս 2022թ.-ին են բերվել Հայաստան, իսկ հիմա մոնտաժային աշխատանքներն են ընթանում և մոտ ժամանակներում կավարտվեն: «Իսկ ընդունիչ կայանը պատրաստ կլինի մայիսին։ Սրանով մենք ամբողջ համակարգը կունենանք և կկարողանանք Հայաստանից կառավարել արբանյակը»,- հավելեց Ռոբերտ Խաչատրյանը։

ԲՏԱ նախարարի խոսքով՝ արբանյակի ընդամենը հրահանգավորումն է արվում այլ կայանի միջոցով, բայց կառավարումը Հայաստանից է իրականացվում նաև հիմա. «Ինչ նկար ստացվի, ինչպես իրականացվի կառավարումը՝ դա Հայաստանն է որոշում»։

Ռոբերտ Խաչատրյանն ընդգծեց, որ արբանյակից ստացված ինֆորմացիայի սեփականատերը ՀՀ-ն է։ Նախարարը տեղեկացրեց նաև, որ ընդունիչ կայանն ու կառավարման կայանը կլինեն Երևանում։ 

Արբանյակից ստացված նկարները իրենց աշխատանքում օգտագործելու համար ԲՏԱ նախարարությանն արդեն իսկ դիմել են  շրջակա միջավայրի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից։ 

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա մայիսին ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Սփեյս Իքս» տիեզերանավով հայկական առաջին «Արմսաթ-1» արբանյակը երկրի ուղեծիր արձակվեց։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում