Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադմիրալ Սամոն»․ Երևանի դպրոցներից մեկը անվանակոչվեց Սամվել Հովսեփյանի անվամբ

«Ադմիրալ Սամոն»․ Երևանի դպրոցներից մեկը անվանակոչվեց Սամվել Հովսեփյանի անվամբ
Գիտություն
14:08, 15 март 2023
Երևանի ավագանին մարտի 15-ի նիստին որոշում ընդունեց «Երևանի հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ՝ «Երևանի Սամվել Հովսեփյանի անվան հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Ավագանու անդամ Անի Խաչատրյանը կիսվեց Սամվել Հովսեփյանի հետ ունեցած իր հուշերով․

«Ռոլանդի անվանակոչությունը, Այդինի, հիմա էլ՝ Ադմիրալ Սամոյի դպրոցի անվանակոչությունը։ Ինձ համար շատ մեծ պատիվ է մասնակցել այս քվեարկությանը՝ ճանաչելով Ադմիրալին։ Մի դեպք եմ հիշում, թե ինչպես էր դիրքերից իջնում, արդեն ոտքը վիրավոր, գնացել էինք Սևանում Ադմիրալին տեսնելու, դիրքերից իջել էին, մեքենայից իջավ, հեռվից մեզ տեսավ, «կաստիլները» թողեց ու վազում էր էդ վիրավոր ոտքին։ Տղերքից դեռ շատերն ունեն դպրոցների ու փողոցների անվանակոչության արժանիքներ ու կարիքներ, հուսով եմ, որ հաճախ կգան նման նախագծեր»։

Նուարդ Վարդանյանն էլ նշեց, որ Ադմիրլան իր հոր մտերիմներից է եղել, ու որպես անձ էլ՝ հիանալի ընկեր։

Ելույթով հանդես եկավ նաև Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որը հրավերով է մասնակցում ավագանու նիստին։

«Ադմիրալն իր ճանապարհը հերոսաբար է անցել և ամեն մի ռազմական գործողության ժամանակ իր մեծ դերակատարությունն է ունեցել, իր հրամանատարության կողմից տրված հանձնարարությունները, հրամանները փառքով է կատարել։

Կա մի այլ կողմ՝ Ադմիրալի հետ կապված․ ինքը շատ խիզախ է եղել մարտի դաշտում։ Ասեմ՝ Ադմիրալ անունը որտեղից է եկել։ Մենք Բոցման ունեինք Մալաթիա-Սեբաստիա ջոկատում, այդ ժամանակ ասել են՝ եկեք Սամոյին էլ անվանակոչենք Ադմիրալ»,-ասաց Միքայելյանը։

Նա նշեց, որ իրենք այն սերունդն են, որ տվել է դարի ասպետներ։

Սամվել Հովսեփյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 2-ին Երևանում:

1989-1994թթ. մասնակցել է Արցախի համար մղված ազատագրական և ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերին՝ 1989թ.՝ Կոռնիձոր գյուղի պաշտպանությանը, 1990թ.՝ Էրեբունի թանգարանի մոտ խորհրդային զորքերի դեմ մարտին, Արծվաշենի մարտական դիրքերի, Երասխավան, Բարձրունի, Ոսկեպար և Բաղանիս գյուղերի պաշտպանությանը, Տիգրանաշեն (Քյարքի) գյուղի ազատագրմանը, 1991թ.՝ Գետաշենի և Մարտունաշենի պաշտպանությանը, 1992թ.՝ Ղարադաղլու և Իվանյան (Խոջալու), Ներքին Հոռաթաղ, Մաղավուզ, Խնապատ, Փրջամալ գյուղերի ու Մարտակերտ քաղաքի ազատագրմանը, Խոզնավար, Ղարաղշլակի, Ղոչազ լեռան ինքնապաշտպանական մարտերին, Ասկերանի, Փոքր Ջիլլի, Մեծ Ջիլլի, Խրամորթի, Նախչևանիկի, Պուշկիյալի, Գեղարքունիքի Արծվաշեն և Վահան գյուղերի պաշտպանությանը: Նույն թվականի մարտ ամսին Ոսկեպարում մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվել է, ՀՀ կառավարության աջակցությամբ տեղափոխվել է Ֆրանսիա՝ վիրահատման:

1993թ. դեռ չապաքինված, վերադառնալով Հայաստան, մասնակցել է Քաշաթաղի պաշտպանությանը, նույն թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ թիվ 254 հրամանի համաձայն ստեղծված «Արծիվ 24» գումարտակի հրամանատար:

Մասնակցել է Քարվաճառ, Աղդամ, Կուբաթլու, Հորադիզ բնակավայրերի ազատագրմանը:

2002թ. զորացրվել է ՀՀ զինված ուժերից (2-րդ կարգի զինհաշմանդամ):

2016թ. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Պատերազմը սկսելու օրից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո առողջական վճակը կտրուկ վատացել է:

Մահացել է 2016թ. նոյեմբերի 9-ին, հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում:

Սամվել Հովսեփյանը պարգևատրվել է ՀՀ «Արիության», ԱՀ «Արիության», ՀՀ «Մարտական ծառայության» մեդալներով: 05.03.2021թ. հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանով, «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Ամբասիր ծառայության առաջին և երկրորդ աստիճան», ԱՀ Հ/Կ «Արցախի մայրերի երախտագիտություն» մեդալներով:

«Երևանի հ.116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը դպրոցի շրջանավարտ, 2016թ. արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Ս. Միքայելյանի կողմից, հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից: