Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուսուցիչների համար կիրականացվի կամավոր ատեստավորման գործընթաց՝ հավելավճարով․ Ժաննա Անդրեասյան

Ուսուցիչների համար կիրականացվի կամավոր ատեստավորման գործընթաց, որն աշխատավարձի հավելավճար ստանալու հնարավորություն կտա նրանց

Այս տարի ԿԳՄՍՆ-ի կողմից ուսուցիչների համար սեփական նախաձեռնությամբ կամ կամավոր ատեստավորման գործընթաց կիրականացվի, որն իրենից նեկայացնում է գիտելիքների ստուգման գործընթաց և, համապատասխան արդյունքեր գրանցելու դեպքում, աշխատավարձի հավելավճար ստանալու հնարավորություն կտա ուսուցիչներին։

Այս մասին այսօր՝«Արմենպրես» լրատվական գործակալությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ, նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Այս գործընթացը վերաբերվում է 7-ից 12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներ դասավանդող ուսուցիչներին։

«Մայիսի 3-ից մենք սկսել ենք դիմումների գործընթացը, որը կավարտվի մայիսի 31-ին։ Բոլոր 7-12-րդ դասարանում այս առարկաները դասավանդող ուսուցիչները ունեն հնարավորություն դիմելու նախարարություն և մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին», - նշեց տիկին Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ դիմելու գործընթացը բավականին հեշտացված է։ Այն չի պահանջում որևէ ավելորդ փաստաթուղթ։ Պետք է ընդամենը ներկայացնել դիմում, այն մասին, որ ցանկանում են մասնակցել գործնթացին, տեղեկանք դպրոցից, որը կհավաստի անձի տվյալ դասարանների և առարկաների ուսուցիչ լինելը և դիպլոմի պատճենը․ «Այս փաստաթղթերը կարող են  ինչպես առձեռն տանել, այնպես էլ՝ էլկտրոնային փոստով ուղարկել նախարարություն։ Կախված ընդհանուր դիմումների թվից, «Գնահատման և թեստավորման կենտրոն» միջոցով, պլանավորելու ենք արդեն կազմակերպման գործընթացը»։

Մինչև օգոստոսի 20-ը նախարարությունը կհրապարակի քննությունների օրերի ժամանակացույցը․ «Կախված դիմումների թվից, նաև, որոշում կկայացվի կամ Երևանում, կամ մարզերում գիտելիքների կենտրոններ ունենալու մասին, որպեսզի տեղում գործընթացը հնարավոր լինի կազմակերպել։ Մենք նախատեսում ենք, որ սեպտեմբերին կիրականցվի բուն գիտելիքների ստուգման գործընթացը, որի արդյունքներով,  ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 80-90 տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 30 տոկոս հավելավճար, իսկ 90 և ավել տոկոս արդյունքի դեպքում՝ 50 տոկոս հավելավճար»։

Նախնական գնահատականներով նախարարությունն ակնկալում է ստանալ 2000-ից ավել դիմում, որից 1500 և ավել ուսուցիչներ կկարողանան այս եղանակով ունենալ համապատասխան հավելավճարները։

«Արդեն կան դիմումներ, ամեն օր ստանում ենք, շուրջ մեկ տասնյակ դիմում օրական և կարծում եմ, որ վերջին օրերը ավելի կմեծանա ակտիվությունը, քանի որ միշտ այսպիսի գործընթացները ցույց են տալիս, որ վերջին օրերին դիմելիությունը շատ ավելի է», - նշեց տիկին Անդրեասյանը։

Գործընթացները լինելու են ծրագրային նյութի հիման վրա, ինչպես նաև կլինեն ուղեցույցեր, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմել, թե ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրվելու գիտելիքների ստուգման գործընթացում։

Տիկին Անդրեասյանի խոսքով՝ փոխարինող ուսուցիչները նույնպես կարող են դիմել ծրագրին, ուղղակի պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ փոխարինող ուսուցիչը ժամանակավոր է իրականցնում այդ գործընթացը, և գիտելիքների ստուգման արդյուքնում համապատասխան հավելավճար կկարողանա ստանալ միայն այն ժամանակահատվածի համար, որում կփոխարինի։

«Համատեղությամբ աշխատող ուսուցիչների հետ կապված նշեմ․ եթե ուսուցիչը դասավանդում է նաև բուհում, այս պարագայում, բնականաբար, նա կկարողանա դիմել ծրագրին, քանի որ այդուհանդերձ մարդը հանդիսանում է դպրոցում աշխատող մանկավարժ և ուսուցիչ, հետևաբար, ծրագրի շահառու է։ Իսկ, եթե դասավանդում է մի քանի դպրոցում, պետք է դիմի այն դպրոցից, որը  հիմնականն  է հանդիսանում։ Եթե դասավանդում է մի քանի առարկա, պետք է գիտելիքների ստուգմանը մասնակցի ընդամենը մեկ առարկայից՝ իր ընտրությամբ» - նշեց նա։