Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում կբացվի ժամանակակից «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամաս․ Վահան Քերոբյանը մասնակցել է ծրագրի մեկնարկի միջոցառմանը

Գյումրիում կբացվի ժամանակակից «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամաս․ Վահան Քերոբյանը մասնակցել է ծրագրի մեկնարկի միջոցառմանը
Գիտություն
17:46, 15 май 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 15-ին այցելել է Գյումրի՝ մասնակցելու «Ապագան Գյումրիում է» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում նախատեսված էր «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության նոր գրասենյակի բացման արարողությունը և այդ կազմակերպության ամենամեծ նախագծի՝ «Դիստրիկտ» նախաձեռնության մեկնարկը։

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության տեսլականն է Գյումրին վերածել առաջատար համայնքի, որը կենտրոնացած կլինի ստեղծագործական, տեխնոլոգիական, բարեկեցիկ և կայուն տնտեսական զարգացման վրա: Ծրագրի շրջանակում Գյումրի քաղաքում նախատեսվում է հիմնել իր տեսակի մեջ առաջին բնակելի թաղամասը՝ եզակի տեխնոլոգիաներով ձեռնարկատիրական էկոհամակարգ, որը կխթանի նորարարությունը, կապահովի բնակիչների պատշաճ և կայուն ապրուստը և կունենա դրական սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ազդեցություն:

Միջոցառման ընթացքում Վահան Քերոբյանը ներկա է գտնվել ընկերության նոր գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել ընկերության գործունեությանն ու նախատեսվող «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամասի հիմնադրման մանրամասներին։

Ողջունելով նման խոշոր ծրագրի մեկնարկումը՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Ես հավատում եմ, որ Գյումրին կարող է դառնալ հրաշալի տեղ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար։ Բոլորը գիտեն, որ գյումրեցիները տաղանդավոր, ստեղծագործ մարդիկ են, և ես իմ առաքելությունը տեսնում եմ մարդկանց այդ հզորությունը և էներգիան պարգևելու մեջ, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս լավ ստեղծագործել և արարել»։

Վահան Քերոբյանը նաև ընդգծել է իր պատրաստակամությունը աջակցել ծրագրի բարեհաջող իրականացմանը։

Ծրագրի իրականացման համար ընտրված տարածքը տեղակայված է Գյումրիի արևմտյան մասում՝ Բուլվարային և Մուշ թաղամասներին հարակից՝ քաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա, Սև ամրոց, Պայտաձև ամրոց, Մայր Հայաստան զբոսաշրջային նշանակության օբյեկտներին կից։

Այստեղ տեղակայված կլինեն «Թվային մետաքսի ճանապարհ» հայ-չինական կենտրոնը և Գյումրիում ստեղծված նորագույն ստարտափ ընկերություններ՝ տեղի երիտասարդներին աշխատանք առաջարկելու, նրանց գնողունակությունը բարձրացնելու և հարկեր գեներացնելու համար՝ մեծապես նպաստելով քաղաքի տնտեսության աճին։

Բացի այդ, այստեղ կլինեն թեթև արդյունաբերության գոտի, գյուղատնտեսական հատված, կանաչ գոտի, բնակելի հատված, սպասարկող կառույցներ, արևային պանելների այգի, արվեստի և սպորտի հատված, փոքր հյուրատներ։

«Դիստրիկտ» նախագիծը մշակվում է և իրականացվելու է Գյումրիի քաղաքապետարանի և պետական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպաստելով Հայաստանում մասնավոր և հասարակական ենթակառուցվածքների համագործակցության զարգացմանը։ Ըստ նախնական պլանի՝ նախագիծն իրականցվելու է երեք փուլերով․ առաջին փուլը տևելու է 3 տարի և կատարվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Հաջորդ փուլերի բյուջեն և ժամանակացույցը գտնվում է քննարկման փուլում և կարող են հստակ սահմանվել հետազոտական աշխատանքներից հետո։