Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հեշտացվել է․ Արտակ Պողոսյան․ Տեսանյութ

Արդեն երրորդ տարին է,որ ՀՀ-ում կիրառվում է էլեկտրոնային հայտագրման համակարգը։ Բոլոր այն ուսումնական հաստատություններում, որոնք բնակավայրում առաջինը չեն,երեխային առաջին դասարան ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով։

Արմենպրես լրատվական գործակալությունում մեկնարկել է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի ասուլիսը՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթաց թեմայով։

«Նախարարությունը հայտարարություն է տարածել, որ հայտագրման համար անհրաժեշտ է ստուգել երեխաների տվյալները՝ stugum.emis.am կայքի միջոցով, որպեսզի հայտագրման ժամանակ ավելորդ խոչընդոտներ ծնողների համար չառաջանան», -ասաց պարոն Պողոսյանը

Նրա խոսքով՝ խոչընդոտը կարող է հանդիսանալ, օրինակ, երեխայի կամ ծնողի փաստաթղթերի թվայնացված չլինելը։ Այդ պարագայում համակարգը չի կարողանա գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չի տա հայտագրել երեխային առաջին դասարան։

«Սա արված է մեկ նպատակով․ որպեսզի չարաշահումներից մենք զերծ մնանք, որևէ քաղաքացի չվերցնի միայն իր փաստաթուղթը և մի շարք այլ երեխաների փաստաթղթեր ու փորձի  արագ-արագ գրանցել նրանց։ Այսինքն՝ համակարգը, մինչև չգտնի, որ այս երկու ծնող-երեխա փաստաթղթերի միջևը կա կապ, թույլ չի տալու հայտագրել։ Դրա համար հորդորում ենք ծնողներին՝ ստուգել փաստաթղթերը, որպեսզի հետագայում որևէ խոչընդոտ չառաջանա հայտագրման ժամանակ», - ասաց պարոն Պողոսյանը

Հարցին, եթե ծրագրի միջոցով երեխայի և ծնողի կապը հաստատվում է, ապա հաջորդ քայլը ո՞րը պետք է լինի, պարոն Պողոսյանը նշեց․

«Այլևս ոչինչ չպետք է անեք, ուղղակի պետք է սպասել։ Եթե էլի երեխա ունեք հայտագրելու, հունիսի 1-ից կարող եք հայտագրել այն դպրոցում, որտեղ արդեն ունեք սովորող երեխա, կամ, եթե հանդիսանում եք տվյալ դպրոցի աշխատակից։ Դա կարգով նախատեսված առավելություն է՝ տրված մեր ծնողներին։ Այս ծնողների համար մինչև ամսի 10-ը ժամը 24։00 համակարգը բաց է լինելու»։

Ըստ նրա, եթե մարդիկ, նույնիսկ, չօգտվեն այդ առավելությունից, հունիսի 11-ին ժամը 9-ին համակարգը, բաց կլինի բոլոր ծնողների համար։ Հայտագրումից հետո՝ ստանում են պին կոդ՝ հեռախոսահամարին, որը, ցանկության դեպքում, հայտը չեղարկելու համար է նախատեսված։

«Պին կոդ չստանալու դեպքում մի՛ անհանգստացեք, դա չի նշանակում, որ երեխան հայտագրված չէ։ Այդպիսի խոչընդոտից ազատվելու համար մենք ևս մի բաժին ունենք, որտեղ կարելի է մտնել, ևս մեկ անգամ գրանցել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը և համակարգը կպաստասխանի, որ ձեր երեխան հայտագրված է», - ասաց պարոն Պողոսյանը։

Այս գործընթացի նպատակը հավարապես բոլորին հնարավրություն տալն է՝ փորձել հայտագրել երեխաներին՝ այն դպրոցներում, որտեղ ծնողները ցանկանում են, քանի որ, պարոն Պողոսյանի խոսքով, նախկինում շատ են եղել ծնողներ, ովքեր բողոքել են նախարարությանը, որ դպրոցներից տեղ չկա՝ իրենց երեխայի համար․ «Սա նաև, սոցիալական արդարության խնդիրն է լուծում, քանի որ չկա միջանձնային հարաբերությունների պատճառով որևէ ծնողի մերժելու կամ, ընդհակառակը, խրախուսելու գաղափարը»։

Նրա խոսքով՝ կոռուպցիոն ռիսկն է վերանում այս մեթոդով։ Նաև լուծվում է լիցենզավորման խնդիրը։ Ժամանակին դպրոցները կարող էին չհետևել լիցենզիայով սահմանված քանակի աշակերտ ընդունելուն և ընդունել շատ երեխաներ, իսկ հետո ստուգման արդյունքում պարզվեր, որ խախտվել է այդ կարգը, նախարարությունը և տեսչությունը որևէ կերպ չէր կարողանում լուծել այդ խնդիրը․ «Ո՞ր երեխային ասես, որ ձեզ ավել են ընդունել ու դուք պետք է դուրս գաք դպրոցից։ Իսկ այս համակարգը հնարավորություն  չի տալիս, ի սկզբանե, խախտել լիցենզավորման կարգը և ընդունելու է դպրոց միայն լիցենզիայով սահմանված տեղերի քանակին համապատասխան երեխաներ»։