Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կընդլայնվի սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը

Կընդլայնվի սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝  նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը
Գիտություն
14:56, 13 апрель 2023
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդլայնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝  նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը: Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներն ու մասնագիտությունները, ոլորտների ռազմավարության ծրագրերից բխող կարիքների բավարարումը: Որոշմամբ ներկայացված մասնագիտությունները ներառվել են «Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն», «Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն», «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն» և «Ծառայություններ (սերվիս)» ոլորտներից: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքությունն աճել է՝ բացառությամբ որոշ (շուրջ 20) մասնագիտությունների, ինչն արտահայտվել է տվյալ մասնագիտություններով բուհերում սովորող ուսանողների քանակի աճով: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ աշխատաշուկայում կան մի շարք մասնագիտություններ, որոնց գրավչությունը բարձրացնելու խնդիր է առաջացել՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը, մասնավորապես այն, որ երկրի տնտեսության զարգացման գործընթացում գյուղատնտեսության ոլորտն ունի բարձր պահանջարկ, սակայն չկան բավարար մասնագետներ:
 
Գործադիրն ընդունել է նաև որոշում՝ Հայաստանի  բասկետբոլի,  բադմինթոնի, վոլեյբոլի, ըմբշամարտի  և ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից 2023 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցությունն ապահովելու համար: Այդ նպատակի համար կառավարության պահուստային ֆոնդից   Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 1,056,530.7 հազար դրամ: Արդյունքում՝ ֆեդերացիները կունենան միջազգային մրցաշարերին պատշաճ մասնակցելու հնարավորություն՝ ավելացնելով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը: