Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թվանշանը սթրես է երեխաների համար»․ տարրական դպրոցներում աշակերտների գիտելիքներն այլևս թվանշանով չեն գնահատվի

Նոր ուսումնական տարվանից տարրական դպրոցներում աշակերտների գիտելիքներն ու հմտությունները այլևս թվանշանով չեն գնահատվի, բայց որակական գնահատականներ կտրվեն։ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը նշում է՝ Տավուշի մարզում փորձարկված գնահատման համակարգն արդեն իսկ կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում։ 

 «Հստակ նկարագրվելու են այն գիտելիքը և այն հմտությունները, որ հաշվետու ժամանակաշրջանում, օրինակ՝ առաջին կիսամյակում սովորողների մոտ զարգացել են։ Գնահատվելու են ոչ թե կիսամյակի վերջում, այլ ամբողջ ընթացքում ուսումնասիրությունների միջոցով, որն իրականացնելու է ուսուցիչը»,- ասում է ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենը։

Արտաշես Թորոսյանի խոսքով՝ ուսուցիչը կնկարագրի սովորողների հաջողությունները տվյալ առարկաներից. «Գնահատումը կիրականացվի արդեն իսկ մշակված էլեկտրոնային գործիքով, որը տեղադրված է էլեկտրոնային մատյանում։ Կիսամյակի ավարտին ուսուցչի էլեկտրոնային մատյանում և աշակերտի օրագրում ամբողջությամբ կձևավորվի մի փաստաթուղթ, որտեղ սև տառերով կգրվեն այն կարողությունները, որոնք երեխայի մոտ զարգացել են, և բաց գույնի տառերով կգրվեն նրանք, որոնք դեռևս զարգացած չեն։ Ծնողներն ու աշակերտները հստակ պատկերացնում են՝ ինչ կարողություններ է զարգացել իրենց մոտ և ինչը չի զարգացել։ Մյուս կողմից՝ ուսուցիչը տեսնում է, թե ինչ կարողություններ ունի աշակերտը, և մտածում է, թե ինչպես զարգացնի մյուս կարողությունները»։   

Արտաշես Թորոսյանը նշում է, որ միջին դպրոցում 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած երեխաները, բացի որակական գնահատականից, նաև թվանշան կստանան, իսկ բացասական գիտելիք հասկացությունը կվերանա. «Գնահատման նոր համակարգի երրորդ առանձնահատկությունն այն է, որ չկա բացասական գիտելիք հասկացությունը։ Օրինակ՝ եթե ես ունեմ այնքան գիտելիք, որը համապատասխանում է մեկ միավորին՝ դա չի նշանակում, որ ես ունեմ բացասական գիտելիք, դա համարվում է անբավարար գիտելիք։ Համարում ենք, որ դա քիչ է, և երեխան պետք է սովորի այնքան, որ համապատասխանի 4-ի մակարդակի»։ 

Երեխայի անբավարար գիտելիքը բավարար մակարդակի հասցնելու համար նոր ուսումնական տարվանից երկարօրյայի միջոցով կստեղծվեն անվճար և պարտադիր պայմաններ սովորողների համար, որպեսզի ուսման մեջ հետ մնալու պատճառը կարողանան վերացնել։ 

Մինչդեռ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ գնահատման նոր համակարգը և առավելություններ ունի, և բացասական կողմեր. «Առավելությունն այն է, որ այս որոշման արդյունքում թվանշանի պաշտամունքը, որ մեր դպրոցներում հաճախ դրսևորվում է, կվերանա, այսինքն՝ այլևս երեխաներըմ ինչպես նաև ծնողները իրար հետ չեն համեմատվի թվանշաններով՝ իմ երեխան գերազանցիկ է, քոնը միջին է, կամ ոնց անենք՝ իմ երեխան էլ 8, 9, 10 ստանա»։ 

Փորձագետի համոզմամբ՝ թվանշանի վերացման պարագայում մրցակցությունը ծնողների միջև, ծնող-ուսուցիչ հարաբերություններում այլևս չի լինի։ Ինչպես նաև թվանշանը չի օգտագործվի որպես պատժիչ միջոց։ Սերոբ Խաչատրյանը նշում է՝  «լինում են դեպքեր, որ անգամ երեխայի վարքագիծն են ուսուցիչները փորձում թվանշանով զսպել, այսինքն՝ երեխաները իրենց վարքագծի համար ցածր գնահատական են ստանում»։  

Բայց չնայած որակական գնահատական ստանալու այս առավելություններին, փորձագետի դիտարկմամբ, կան նաև բացասական կողմեր. «Կարող է երեխաները մտածեն, որ եթե թվանշան չկա, էլ ինչի՞ ենք սովորում, այսինքն՝ թվանշանը երեխայի համար նաև արտաքին մոտիվացիայի դեր է խաղում, իհարկե՝ ոչ բոլորի համար, բայց որոշների»։   

Սերոբ Խաչատրյանն ընդգծում է՝ պետք է ուսումնական նյութերի մատուցման ձևը հետաքրքիր լինի երեխային, որպեսզի երեխան չսովորի միայն թվանշանի համար։ 

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանի համոզմամբ էլ՝ առնվազն տարրական դասարաններին միավորներով չգնահատելը ճիշտ մոտեցում է, և նաև ճիշտ է որոշված, որ երեխաները միավորով չգնահատվեն նաև 5-րդ դասարանի առաջին եռամսյակում, քանի որ այդպես հնարավորություն է տրվում ուսուցչին ճանաչել աշակերտներին, իսկ աշակերտներին էլ հնարավորություն է տրվում ուսուցչի լեզուն հասկանալ։

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում