Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև մշակութային համագործակցության հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև մշակութային համագործակցության հեռանկարները
Գիտություն
13:06, 21 июнь 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բրազիլական բարեկամական կապերի զարգացման:

Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադառնալով վերոնշյալ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը՝ նախարարը տեղեկացրել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև քննարկվում են բարձրագույն կրթության, սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառներում համագործակցության մասին հուշագրերը:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ հայ-բրազիլական համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ աշխատանքներն ավելի արդյունավետ ընթացք կստանան:

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  ոլորտներում առկա է սերտ համագործակցության մեծ ներուժ: Դեսպանը ներկայացրել է հնարավոր համագործակցությանն առնչվող ուղղություններն ու ծրագրերը՝ կրթական փոխանակումների, բուհերում բրազիլական պորտուգալերենի ուսուցման, հայ-բրազիլական մշակութային կապերի հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացման համատեքստում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման ընթացքում դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին: