Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Գիլոյան. «Միջազգային մրցաշարերի անցկացումը պետք է շարունակական լինի»

Կարեն Գիլոյան. «Միջազգային մրցաշարերի անցկացումը պետք է շարունակական լինի»
Սպորտ
19:27, 12 июль 2021
 Հուլիսի 13-18-ը Երևանում կանցկացվեն Եվրոպայի բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան են:
 
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի (Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա) մրցաշարերի համակարգող Սինան Տազեին, որին ուղեկցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել է Երևանում կայանալիք մրցաշարը: 
 
«Մեզ համար միջազգային մրցաշարեր հյուրընկալելը կարևոր և հետաքրքիր իրադարձություն է:  Նմանատիպ մրցաշարերի անցկացումը պետք է շարունակական լինի, աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հետաքրքրվել՝ արդյո՞ք Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը գոհ է մրցաշարի անցկացման պայմաններից: Վերջինս դրական է արձագանքել՝ ընդգծելով, որ առհասարակ տպավորված է մեր երկրով: 
 
Իր հերթին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ընդգծել է, որ մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ և կորոնավիրուսի համավարակի պայմաններում կարևոր իրողություն է: 
 
Զրուցակիցները քննարկել են նաև Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը Հայաստանում անցկացնելու հնարավորությունները, ինչպես նաև Եվրասիական լիգային և Հայաստանում մարզաձևի զարգացմանն առնչվող հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանում մարզական ենթակառուցվածքները բարելավման փուլում են և հետևողական աշխատանքի արդյունքում դրանք առաջիկայում ավելի լայն հնարավորություններ կընձեռեն: