Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարություն կշարունակի աջակցել ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ծրագրերին. Նիկոլ Փաշինյան

Կառավարություն կշարունակի աջակցել ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ծրագրերին. Նիկոլ Փաշինյան
Սպորտ
20:58, 14 июль 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Նիկողոսյանին:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: 

«Պետք է ընդգծեմ, որ Կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մեր երկրի համար չափազանց ծանր և դժվար ժամանակաշրջանում իր հաղթանակներով, ըստ էության, դարձավ երկրի և ժողովրդի դրական զգացողությունների վերադարձի առաջամարտիկը:

Իհարկե, այդ գործառույթի դերը դժվար է գերագնահատել, մյուս կողմից չեմ ուզում, որ մենք մեր ֆուտբոլի հավաքականի ուսերին դնենք շատ ծանր բեռ և հետագա մրցապայքարի ժամանակ նրան կաշկանդենք: Բայց նաև կարևոր եմ համարում, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք՝ ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականը շատ կոնկրետ արդյունքներ արձանագրի: Մեր ակնկալիքն է, որ մինչև այդ ժամանակաշրջանը հավաքականը ոչ միայն դուրս կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այլև կկարողանա դառնալ մրցանակակիր:

Իհարկե, հասկանալի է, որ սա բավականին բարդ և երկար ճանապարհ է, բայց ամեն դեպքում ֆուտբոլային տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն զուտ մարզական, այլև երկրի սոցիալ-տնտեսական կյանքը կազմակերպելու առումով: Այնպես որ, կարող եք համարել, որ այդ ծրագրերում ունեք Կառավարության աջակցությունը, և, բնականաբար, մեր ուժերի ներածին չափով կաջակցենք, որպեսզի այն պրոցեսները, որ սկսվել են մեր ֆուտբոլային կյանքում, շարունակվեն և ունենան կոնկրետ հանգուցալուծում»:

Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար: «Իրականում մենք պատերազմյան և հետպատերազմյան ամենածանր պահերին զգացել ենք Կառավարության, տարբեր մարմինների աջակցությունը, որովհետև առանց այդ աջակցության՝ նման բարդ իրավիճակում նույնիսկ հնարավոր չէր լինի կազմակերպել այն հանդիպումները, որոնք մենք պարտավորված էինք անցկացնել միջազգային ասպարեզում:

Մեզ համար շատ կարևոր է, որ իրոք ծանր պահերին ֆուտբոլը որպես սոցիալական ֆենոմեն կարողացել է որոշակի աջակցություն բերել Հայաստանին: Այժմ ավելի կայուն փուլում մենք ունենք մեր նպատակները: Ասեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարությունը գրված է մինչև 2025 թվականը, և պատրաստվում ենք մինչև այդ ժամանակահատվածը՝ 2022-ին կամ 2024-ին, նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դա արտացոլված է մեր ռազմավարության մեջ:

Իհարկե, այս ամենը հնարավոր չէ անել միմիայն ֆուտբոլի ֆեդերացիայի ուժերով, և մենք շնորհակալ ենք աջակցության ու ապագա աջակցության համար, որը, վստահ եմ, կլինի, և մենք կփորձենք կատարել մեր առջև դրված խնդիրը, որովհետև այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականն աննախադեպ արդյունքի է հասել հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Հաջորդ տարի նշելու ենք ՀՖՖ-ի, ազգային հավաքականի հիմնադրման 30-ամյակը: Մեկնարկային երեք խաղերում ազգային հավաքականի երեք հաղթանակ ունի, իհարկե, դեռ շատ դժվար խաղեր են սպասվում մեզ աշնանը, բայց, ամեն դեպքում և՛ ֆուտբոլիստները, և՛ մարզչական կազմն ու ՀՖՖ վարչական հատվածի ներկայացուցիչները հասկանում են երկրի համար այս հաղթանակների կարևորությունը»:

Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ ղեկավարները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք միտված են հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան ֆուտբոլին, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը, ինչպես նաև ակումբային ֆուտբոլի զարգացմանը: