Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մտան շախմատի աշխարհի գավաթի 3-րդ փուլ

Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մտան շախմատի աշխարհի գավաթի 3-րդ փուլ
Սպորտ
23:06, 16 июль 2021
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը Հայաստանից առայժմ հաղթահարել է մեկ շախմատիստ:
 
Գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը դասական երկու պարտիաների արդյունքներով 1,5:0,5 հաշվով հաղթեց թուրք Մուստաֆա Յիլմազին և մտավ 1/32 եզրափակիչ: Այդ փուլում մեր շախմատիստը կհանդիպի բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանի և ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի միջև ընթացող հանդիպման հաղթողի հետ: Երկու պարտիայից հետո հաշիվը հավասար է` 1:1: Հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում:
 
Մեր հայրենակից Շանթ Սարգսյանն ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ պայքարը նույնպես կշարունակի թայ–բրեյքում, քանի որ դասական շախմատի երկու պարտիաներն ոչ-ոքի են ավարտվել։
 
Իսկ ահա Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանն անհաջող հանդես եկան և դուրս մնացին պայքարից: Առաջինը 0:2 հաշվով պարտվեցին հնդիկ Պրագնանանդային, իսկ Հայաստանի գործող չեմպիոնը 0,5:1,5 հաշվով զիջեց եգիպտացի Բասեմ Ամինին:
 
Այս փուլում ոչ-ոքի է ավարտել իր մրցամարտը նաև ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը, որն այսօր հաղթելով նիդեռլանդցի Բենժամին Բոկին, հավասարեցրեց հաշիվը` 1:1: Վաղը նա հանդես կգա թայ-բրեյքում:
 
Հիշեցնենք, որ մեր շախմատիստ Լևոն Արոնյանը մրցաշարից դուրս է եկել հիվանդության պատճառով:
 
Կանանց գավաթի խաղարկությունում հաջող է հանդես գալիս մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, որը 2-րդ փուլի պատասխան պարտիայում հաղթեց ռումինուհի Իրինա Բուլմագային և հաշիվը դարձրեց 2:0: Հաջորդ փուլում նա կհանդիպի Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադվակասովայի հետ: