Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Մելիքյանը մեկնարկեց հաղթանակով. Տոկիո-2020

Արմեն Մելիքյանը մեկնարկեց հաղթանակով. Տոկիո-2020
Սպորտ
11:09, 01 август 2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը (60 կգ) մեկնարկեց հաղթանակով:

Հունահռոմեականների մրցաշարի 60 կգ քաշային կարգում 2019թ. մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում մրցեց 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջաթիի հետ և հասավ ծանր հաղթանակի (5:5):

Առաջին մրցափուլից հետո իրանցի ըմբիշը հաշվի մեջ առջևում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդում 25-ամյա Մելիքյանը վաստակեց 5 միավոր: Վերջնամասում Նեջաթին հավասարեցրեց հաշիվը, բայց հաղթանակի հասավ հայ ըմբիշը:

Քառորդ եզրափակիչում Արմեն Մելիքյանը կմրցի 2018թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2019 և 2020 թթ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ, որը մեկնարկային գոտեմարտում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ուզբեկ Էլմուրատ Տասմուրադովի նկատմամբ:

Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Չալյանն ու Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 2-ին, իսկ Ասլանյանը՝ օգոստոսի 3-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):