Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարապետ Չալյանը 4-1 հաշվով ցավալի պարտություն կրեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Կարապետ Չալյանը 4-1 հաշվով ցավալի պարտություն կրեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Սպորտ
15:09, 03 август 2021
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Նրա մրցակիցը ադրբեջանցի ըմբիշ Ռաֆիգ Հուսեինովն էր։

Չալյանը պայքարը սկսել էր օգոստոսի 2-ին՝ 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով ջախջախեց Ուզբեկստանը ներկայացնող Ջալգասբայ Բերդիմուրատովին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2։1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ներկայացնող Ալեկսանդր Չեխիրկինի նկատմամբ։ 

27-ամյա հայ ըմբիշի հաղթարշավն ընդհատվեց կիսաեզրափակչում, որտեղ նա 2։6 հաշվով պարտություն կրեց ղրղզ ըմբիշ Ակժոլ Մախմուդովից։

Կիսաեզրափակչից դուրս մնալուց հետո այսօր՝ օգոստոսի 3-ին Կարապետ Չալյանը հնարավորություն ստացավ բրոնզե մեդալի համար պայքարելու, սակայն վճռորոշ գոտեմարտում 4։1 հաշվով պարտվեց ադրբեջանցի ըմբիշ Ռաֆիգ Հուսեինովին։

Այստեղ հարկ է նշել, որ Կարապետ Չալյանը դարձավ մրցավարների անհասկանալի որոշման զոհը։ Երկրորդ մրցափուլի միջնամասում, երբ հաշիվը 1։1 էր, Կարապետ Չալյանին նկատողություն տրվեց, իբրև թե, մրցակցի դեմքին հարվածելու համար, սակայն կրկնապատկերում հստակ երևում էր, որ այդտեղ կանոնների խախտում չկար, և դա պարզապես կոնտակտ էր երկու ըմբիշների միջև։ Նկատողության պատճառով ադրբեջանցի ըմբիշը ստացավ երկու միավոր, մրցավարները ևս մեկը գումարեցին հայ մարզիչների վիճարկումը մերժելուց հետո։