Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե վաղվա խաղում Տիկնիզյանը ստանա կարմիր քարտ, ես ինքս անձամբ նրան գրկած դուրս կհանեմ ստադիոնից. Իհարկե, դա չի կարելի անել, բայց կռիվը նույնպես ֆուտբոլի մի մասն է, ես նրան ներում եմ. Պետրակովը՝ Տիկնիզյանի ստացած կարմիր քարտերի մասին

Եթե վաղվա խաղում Տիկնիզյանը ստանա կարմիր քարտ, ես ինքս անձամբ նրան գրկած դուրս կհանեմ ստադիոնից. Իհարկե, դա չի կարելի անել, բայց կռիվը նույնպես ֆուտբոլի մի մասն է, ես նրան ներում եմ. Պետրակովը՝ Տիկնիզյանի ստացած կարմիր քարտերի մասին
Սպորտ
18:51, 17 ноябрь 2023
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը և թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն այսօր նախախաղային մամուլի ասուլիս են տվել։

 Սևիկյանն ասաց, որ իրեն դուր է գալիս թիմում մթնոլորտը, հավաքականն էլ, խաղացողներն էլ, երկրպագուներն էլ իրեն շատ ջերմ ընդունեցին։ 

«Չեմ ստի, առաջին տնային խաղից առաջ անհանգիստ եմ։ Բայց ամբողջ հավաքականը տրամադրված է հաղթելու, այս ամբողջ շաբաթը շատ համառորեն աշխատել ենք։ Բոլորս մարտական ենք, ունենք լավ տրամադրություն և սպասում ենք վաղվա օրվան, որ ուրախացնենք երկրպագուներին»,- ասաց Էդգար Սևիկյանը։

Իսկ հավաքականի մարզչից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպիսի արդյունք է ակնկալում վաղվա խաղից, ինչին ի պատասխան Ալեքսանդր Պետրակովն ասաց, որ չի կարող կանխագուշակել, թե ինչպիսի խաղ կլինի, քանի որ ինքը գուշակ չէ։ Դիտարկմանը, թե Ուելսի թիմն ուժեղ է, Պետրակովն այսպես արձագանքեց. «Ինձ չի հետաքրքրում Ուելսի հավաքականը, ինձ հետաքրքրում է Հայաստանի հավաքականը»։   

Հարցին, թե ինչու այս անգամ ևս հավաքական չեն հրավիրվել Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը, Պետրակովն ասաց. «Խորեն Բայրամյանը սկզբում հավաքականում էր, ես նրան սկզբում կանչել եմ, բայց նա եկավ և ասաց, որ չի կարող խաղալ, իր համար այստեղ հարմարավետ չի, և նա գնաց։ Երեք օր հետո նա խաղում էր Ռոստովի համար, 90 րոպե։ Հաջորդ խաղին նա եկավ հուլիսին, վնասվածք ստացավ, առավոտյան պետք է անցներ ՄՌՏ հետազոտություն, սակայն նա ասաց՝ նույնիսկ չեմ ուզում տեսնել, ես ուզում եմ հեռանալ, ինձ համար արագ տոմս վերցրեք։ Ես ասացի՝ հաջողություն քեզ կյանքում։ Տիգրան Բարսեղյանին ես չեմ կանչել այս խաղին։ Ուզում եմ ձեզ հարց տալ. իսկ ինչպիսի՞ որակներ պետք է ունենա հմուտ խաղացողը և ի՞նչ պետք է տա ազգային հավաքականին։ Հմուտ խաղացողն առաջին հերթին պետք է լինի խիստ մոտիվացված և հարց լուծի դաշտում, երկրորդ հերթին օրինակելի լինի երիտասարդ ֆուտբոլիստների համար, ինչը ես չեմ տեսել նախորդ հավաքի ընթացքում»,- ասաց Պետրակովը և հավելեց, որ այդ դիրքում խաղացող չորս ձախլիկ ֆուտբոլիստ ունի և ընտրությունը կատարել է երիտասարդ ֆուտբոլիստների օգտին։

Իսկ հարցին, թե Պետրակովը խոսում է կարգուկանոնից, սակայն Նաիր Տիկնիզյանն ունի երկու կարմիր քարտ, որոնք ստացել է նույն պայմաններում, և «Զենիթի» խաղի ժամանակ կռվի է բռնվել, կարո՞ղ է արդյոք գլխավոր մարզիչը նրան վերահսկել, որ այդքան ագրեսիվ չլինի, Ալեքսանդր Պետրակովը պատասխանեց. «Վաղը՝ ամսի 18-ին, ժամը 18.00-ին, եթե Տիկնիզյանը 90 րոպեի ընթացքում ստանա կարմիր քարտ, ես ինքս անձամբ նրան գրկած դուրս կհանեմ ստադիոնից։ Ես նրան ներում եմ։ Դա ուղղակի էմոցիա է, այդպես է պետք  խաղալ, ուրախ լինել։ Թե չէ տխուր կլինի, տրիբունաներում կքնեք։ Կռիվը նույնպես ֆուտբոլի մի մասն է։ Իհարկե, դա չի կարելի անել, բայց դրանից ոչ մի տեղ չես փախչի։ Մարդիկ նաև դրա համար են գալիս ֆուտբոլ նայելու, որ լավ պայքար տեսնեն»,- ասեց Պետրակովը։