Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եղել եմ Բաքվում, մասնակցել եմ մարզական իրադարձությունների և ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ իրենք էլ գան մասնակցեն»․ Կարեն Գիլոյանը՝ Հայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին

«Եղել եմ Բաքվում, մասնակցել եմ մարզական իրադարձությունների և ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ իրենք էլ գան մասնակցեն»․ Կարեն Գիլոյանը՝ Հայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին
Սպորտ
16:05, 13 октябрь 2021
Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ վերջապես Հայաստանում կայանալու է շատ բարձր կարգի մարզական միջոցառում, և 2022 թվականի մայիսին մեր երկրում տեղի է ունենալու բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ 

«Թե ինչքան կարևոր է այս մրցույթը՝ մասնագետները կհասկանան և կգնահատեն։ Ասեմ, որ նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանում այսպիսի սպորտային միջոցառում տեղի չի ունեցել»,- նշեց պարոն Գիլոյանը։

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Միջազգային ֆեդերացիային է ներկայացրել իր ծրագիրը, որից հետո անցկացվել է քվեարկություն, և մի քանի թեկնածուներից հաղթել է Հայաստանի ֆեդերացիան՝ Երևան մրցավայրով։ Մյուս մրցակից երկրների շարքում են եղել Ռուսաստանը, Իսպանիան, և Հայաստանը առանձնակի առավելությամբ է հաղթել։

Մրցաշարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Անդրադառնալով Ադրբեջանի մասնակցությանն ու միջոցառման շրջանակներում նրանց թիմի Հայաստան այցելելուն՝ Կարեն Գիլոյանը նշեց, որ նա  ինքը Բաքվում այցելել է մարզական միջոցառումների և ոչ մի խնդիր չի տեսնում, որ նրանք էլ գան Հայաստան։ 

«Մեկ անգամ՝ 9 օրով, մեկ անգամ 18 օրով եղել եմ Բաքվում, մասնակցել եմ մարզական իրադարձությունների և ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ իրենք էլ գան մասնակցեն։ Սա, ի վերջո, սպորտ է։ Մենք պարտավոր ենք ապահովել անվտանգությունը, և դրա համար երկիրը համապատասխան միջոցներն ունի, ու այդ ամենը կկազմակերպվի բարձր մակարդակով։ Այլ հարց է, որ մենք պետք է այնպիսի հավաքական պատրաստենք, որ մեր մրցակիցներին ռինգում տանուլ չտանք»,- նշեց Գիլոյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը հանձն է առել ամբողջովին և համակողմանիորեն աջակցել մրցման անցկացմանը։ Ֆեդերացիան համագործակցելու է ՀՀ օլիմպիական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և այլ մարզական հասարակական կազմակերպությունների հետ։

Շուտով կստեղծվի կառավարական կազմկոմիտե, որը մինչև խաղերի մեկնարկը հաճախակի կանցկացնի նիստեր և ամեն ինչ կանի, որ Հայաստան պետությունը Եվրոպային և աշխարհին ներկայանա որպես բարձրակարգ մրցում անցկացնող երկիր։