Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գաբրիել Սարգսյանը հավակնորդների ուղեգիրը կվիճարկի Սամուել Սևյանի հետ խաղում

Գաբրիել Սարգսյանը հավակնորդների ուղեգիրը կվիճարկի Սամուել Սևյանի հետ խաղում
Սպորտ
12:29, 06 ноябрь 2021
Ռիգայում ավարտին է մոտենում շախմատի 2021 FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը, որը ընտրական է, քանի որ խաղարկվում են աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր:

 

Կայացած 9 տուրից հետո մրցաշարում եռիշխանություն է հաստատվել: Ինը հնարավորից 6,5-ական միավոր են վաստակել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և անգլիացի Դևիդ Հոուելը:

 

Նրանցից կես միավոր են ետ մնում 10 շախմատիստ: Դրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը և ամերիկահայ Սամուել Սևյանը: Հենց այս 13 շախմատիստները հիմնականում կպայքարեն մրցանակային տեղերի և երկու ուղեգրերի համար, քանի որ մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու տուր:

 

Սակայն, մնացած շախմատիստները նույնպես պայքար մղելու ստիմուլ ունեն, քանի որ մրցաշարի կանոնակարգով պարգևատրվելու են 1-40-րդ տեղերը գրաված մասնակիցները: Հաղթողը կստանա 70 հազար դոլար պարգևավճար, իսկ 31-40-րդ տեղերը` 2000-ական: Հայաստանի շախմատիստներից պարգևատրման գոտում են գտնվում Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Լևոն Արոնյանը:


 

Կանանց մրցաշարում դրամական պարգև կստանան 1-20-րդ տեղերը գրավողները: Ավաղ, մեր երկու շախմատիստուհիները` Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը, այժմ զբաղեցնում են համապատասխանաբար 33-րդ և 43-րդ տեղերը և դժվար թե կարողանան մտնել այդ գոտու մեջ:

 

Այսօր տեղի կունենա նախավերջին` 10-րդ տուրի հանդիպումները: Գաբրել Սարգսյանը ճակատագրի բերումով կմրցի իր հայրենակից Սամուել Սևյանի հետ: Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսոտորովի հետ: